
Չինաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ համակարգել գործողությունները՝ ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի

Չինաստանի իշխանությունները պատրաստ են համակարգել գործողությունները Եվրամիության հետ և համատեղ պաշտպանել միջազգային առևտրի կանոնները՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքային ճնշման։
Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Որպես պատասխանատու խոշոր տերություն՝ Չինաստանը ձեռնարկել է և կձեռնարկի վճռական միջոցներ՝ պաշտպանելու իր օրինական շահերը», – ասել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով Չինաստանի և ԵՄ-ի միջև դիրքորոշումների համակարգման վերաբերյալ լրագրողների հարցին
«Չինաստանը պատրաստ է համագործակցել միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրամիության հետ, որպեսզի համատեղ պաշտպանվեն միջազգային առևտրի կանոնները, ազնվությունը և արդարությունը»,- ասել է նա։
Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր 185 երկրներից ներմուծումների վրա լրացուցիչ մաքսատուրքերի կիրառման մասին։ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքի դրույքաչափը Թրամփը հասցրել էր 125%-ի։ Ապրիլի 12-ից Պեկինը համարժեք միջոցներ էր կիրառել ամերիկյան արտադրանքի ներմուծումների նկատմամբ։ Սպիտակ տունը դրանից հետո փոխել էր իր որոշումը՝ չեղարկելով չինական սմարթֆոնների, համակարգիչների և կիսահաղորդիչների արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների և ինտեգրալ սխեմաների մաքսատուրքերը։