
Ռուսաստանը Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորն է․ Սամվել Կարապետյանի ելույթը

2025 թվականի ապրիլի 12-ին Մոսկվայում, Հայ գործարարների ասոցիացիայի (ՀԳԱ) նախաձեռնությամբ, կայացավ հերթական բիզնես ֆորումը։ Ռուսաստանի և Հայաստանի բիզնես շրջանակների ներկայացուցիչները քննարկեցին աշխարհաքաղաքական ու տնտեսական ներկայիս պայմաններում հայկական բիզնեսի մարտահրավերներն ու հեռանկարները։
Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 200 գործարարներ Հայաստանից և Ռուսաստանից։ Ֆորումի բացման խոսքով հանդես եկավ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ՀԳԱ նախագահ Սամվել Կարապետյանը։ Նա ընդգծեց, որ հայ գործարարների համախմբվածությունը շարունակում է հանդիսանալ Հայաստանի տնտեսական բարգավաճման հենասյունը։
«Այս անկայուն ժամանակներում հայ գործարարները Ռուսաստանում ոչ միայն ամրապնդում են դիրքերը, այլև աջակցում են հայրենիքին՝ ստեղծելով աշխատատեղեր, ներդրումներ կատարելով կարևոր ոլորտներում, խթանելով հայ-ռուսական տնտեսական կապերը։ Մեր միասնությունն է մեր ուժը»,- նշեց Կարապետյանը։
Քննարկումների առանցքում էր Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հեռանկարը։ Կարապետյանը շեշտեց, որ ԵԱՏՄ-ն շարունակում է առանցքային դեր ունենալ երկրի տնտեսական կայունության հարցում։ 2024 թ․ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 12.7 մլրդ դոլարի, մինչդեռ ԵՄ-ի հետ այն նվազել է 14%-ով՝ կազմելով 2 մլրդ դոլար։
«ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին միտված կողմնորոշման փորձերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ։ Էներգետիկ անվտանգությունը միայն տնտեսական, այլ նաև ռազմավարական գործոն է, որը պայմանավորում է երկրի ապագան»։
Նա ընդգծեց նաև ռուսական ներդրումների դերը՝ նշելով, որ Ռուսաստանը մնում է Հայաստանում խոշորագույն ներդրողը։ Կարապետյանը կոչ արեց ներդրումային կապերը պահպանել և զարգացնել ազգային շահերի վրա հիմնված հաշվարկներով։
Անդրադառնալով հայ-ռուսական մշակութային կապերին՝ նա նշեց․
«Մեր ժողովուրդները դարավոր բարեկամության ու արժեքային ընդհանրությունների վրա են կառուցում իրենց հարաբերությունները։ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական սփյուռքի հիմնական օջախը»։
Եզրափակելով ելույթը՝ Կարապետյանը վերահաստատեց՝
«ԵՄ-ի հետ համագործակցությունը կարևոր է, բայց ոչ ԵԱՏՄ-ում կորուստների հաշվին։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ նոր փորձարկումներ։ Մեր որոշումները պետք է լինեն հավասարակշռված, ճշգրիտ ու ժամանակին»։
Ֆորումի աշխատանքը շարունակվեց ՀԳԱ վերջին ամիսների աշխատանքի ամփոփմամբ և տարբեր բանախոսների ելույթներով՝ ներառյալ Եվրասիական զարգացման բանկի գործադիր տնօրեն Սերգեյ Իգնատով, Heritage and Progress հիմնադրամի նախագահ Արամայիս Քամալով, Սոչիի քաղաքային ժողովի պատգամավոր Սոս Մարտիրոսյան, և ՌԴ ու Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան։