ԼՂ-ից տեղահանված կարիքավոր ընտանիքներն ապրիլի 22-ից կարող են ներկայացնել դիմումները լրացուցիչ աջակցություն ստանալու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքները լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կստանան։ Ծրագրին համապատասխանող շահառուները կարող են դիմումները ներկայացնել ապրիլի 22-ից։  Դիմումներն ընդունվում են https://e-social.am/  սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական հարթակով։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը նշեց, որ ունեն շահառուների մոտավոր ցուցանիշ։ 

«Իհարկե, մոտավոր պոտենցիալ շահառուների թիվ ունենք, մոտ 3000 ընտանիքի մասին է խոսքը, սակայն սա խիստ մոտավոր է։ Աջակցությունը լինելու է հետևյալ կերպ։ Յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։ Աջակցությունը կտրամադրվի մինչև այս տարվա դեկտեմբեր»,-ասաց Արտակ Հարությունյանը։

 Ծրագրում ընդգրկվելու համար պետությունը սահմանել է որոշ պահանջներ։ Մասնավորապես, 1 անդամի հաշվով եկամուտները չպետք է գերազանցեն 55,000 դրամը։ Դրանից բացի, անձը պետք է գտնվի Հայաստանում։ Եթե Հայաստանից դուրս է ապա չի կարող օգտվել։ Նա դիմումը կարող է ներկայացնել, երբ լինի Հայաստանում։ Այնուհետև դիտարկվելու է այն, որ ընտանիքը թարմ արտադրության ավտոմեքենա, սեփական տուն կամ որևէ անշարժ գույք չունենա։

Արտակ Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ նշված 55 հազար դրամի մեջ հաշվարկվելու է նաև, օրինակ, կենսաթոշակը, երեխայի նպաստը։ Արցախցիների մոտ կա մտահոգություն, որ շատերը պարզապես չեն ձգտի աշխատել, ու կօգտվեն պետական աջակցության ծրագրից կամ պայմանավորվածություն ձեռք կբերեն թաքնված զբաղվածության առնչությամբ ու, իրենց եկամուտները ցույց չտալով, կրկին կօգտվեն ծրագրից։ Դրա փոխարեն, այն արցախցիները, որոնք այսօր աշխատում են 80-100 հազար դրամ աշխատավարձով, կզրկվեն այդ հնարավորությունից։ 

«Մեր հորդորն է ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին, պարտադիր ներկայացնել ճշգրիտ տեղեկություն, միևնույն է, տարբեր գործիքակազմով այն ստուգվելու է։ Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ շատերը կնախընտրեն չաշխատել ու այս աջակցությունը ստանալ, ապա ուզում եմ ասել, որ խոսքը ընտանիքին տրվող 40 հազար դրամի մասին է և վստահաբար աշխատելն ավելի ձեռնտու է լինելու»,-ասաց Արտակ Հարությունյանը։

 Նախարարության ներկայացուցիչը հիշեցրեց, որ սա միակ ծրագիրը չէ։ Արցախցիներին ուղղված մի շարք այլ ծրագրեր ևս կան։ Մասնավորապես, կեցության ծախսերին ուղղված սոցիալական աջակցության միջոցառումը ևս շարունակվում է այս լրացուցիչ աջակցության բաղադրիչին զուգահեռ։ Այն ապրիլի 1-ից որոշակի փոփոխություններով գործում է՝ ուղղված առանձին խմբերին՝ առաջին, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, անչափահասներ, 63 տարին լրացած անձինք, կերակրողը կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք և 18 տարին լրացած, սակայն դեռևս պարտադիր կրթության դաշտում գտնվող անձինք։ Հունվարից մինչև մարտը ներառյալ յուրաքանչյուր անձի համար տրամադրվել է 50 հազար դրամ։ Ապրիլից հունիս ամիսը ներառյալ կտրամադրվի 40 հազար դրամ, իսկ հուլիսից դեկտեմբեր արդեն կտրամադրվի 30 հազար դրամ։  

Տեսանյութեր

Լրահոս