
«Թուրքիան, անկասկած, դաշնակից է և բարեկամ». ԱՄՆ պետդեպի խոսնակ

Ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան երկրորդ հանդիպումից առաջ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը հայտարարել է. «Թուրքիան, անկասկած, դաշնակից է և բարեկամ»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա լրագրողների հետ հանդիպմանը նաև հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Սիրիայում Թուրքիայի դրական դերի մասին հայտարարությունները։
Բրյուսը ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է նաև, որ կայանալիք հանդիպման նպատակը դեսպանատների աշխատանքների կայունացումն է և ընդգծել, որ «հանդիպումը քաղաքական կամ անվտանգության հարցերի մասին չէ, իսկ Ուկրաինան օրակարգում չկա»։
Նա նշել է. «Այս քննարկումները բացառապես դեսպանատների գործունեությանը են նվիրված և առնչություն չունեն ընդհանուր երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ։ Դա հնարավոր կլինի միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմաններում»։
Բրյուսը նաև անդրադարձել է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կռվող չինացի 2 քաղաքացու վերաբերյալ զեկույցներին՝ ընդգծելով, որ Ուկրաինայում ընթացող պատերազմում Ռուսաստանի ամենամեծ օգնականը Չինաստանն է։