
Ոչինչ իմ մեջ չի փոխվել, ունեմ նույն մտքերը, ինչ նախորդ տարվա ապրիլի 14-ին. Սամվել Վարդանյան
Այսպես կոչված՝ «Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի վերաբերյալ այսօր դատավոր Դավիթ Արղամանյանը հրապարակեց վերդիկտ, ըստ որի՝ Սամվել Վարդանյանը ճանաչվեց մեղավոր և անմեղ միաժամանակ, ինչից հետո դատարանը ցանկացավ անցնել լրացուցիչ դատալսումների, սակայն պաշտպանական կողմը դրանց պատրաստվելու համար 3 օր ժամանակ խնդրեց:
Նիստից հետո Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը պարզաբանեց՝ Սամվել Վարդանյանը մեղավոր է ճանաչվել խուլիգանության հոդվածով, անմեղ՝ ատելության խոսք տարածելու հոդվածով, ինչը նշանակում է, որ Սամվել Վարդանյանն ազատազրկման ձևով պատիժ կրել չի կարող:
«Բայց մենք համաձայն չենք, որ Սամվել Վարդանյանը խուլիգանություն է կատարել, կբողոքարկենք»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Սամվել Վարդանյանն ինքն էլ նիստից հետո ասաց, որ ինքը խուլիգանություն չի արել, և իր հայացքներն էլ, դիրքորոշումն էլ մնում են նույնը, ինչ դեպքի օրը՝ նախորդ տարվա ապրիլի 14-ին:
«Պարզապես, որպեսզի ընտանիքիս ցավ ու անհանգստություն չպատճառեմ, ինչպես նաև լսելով պաշտպաններիս հորդորները՝ կփոխեմ մարտավարությունս»,- ասաց Սամվել Վարդանյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլի 15-ին Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Սամվել Վարդանյանը հասարակական տրանսպորտում վիրավորում էր այդ ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան անվանում «հակահայ վիժվածք»։ Վարդանյանին անհապաղ ձերբակալեցին, ապա, ՁՊՎ-ից Քննչական կոմիտե տեղափոխվելու ճանապարհին, նրան մեքենայից իջեցրել էին դիմակավորված անձինք և ծեծի ենթարկել։ Հարուցվեց քրեական վարույթ, բայց մինչ այսօր ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ նույնականացված ոստիկան:
Մանրամասները՝ տեսանյութում: