
Թրամփը Գազայի հատվածը «կարևոր անշարժ գույք» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար, որ Գազայի հատվածում պատերազմն ավարտվեր՝ ընդգծելով, որ ջանք է գործադրում հրադադարի մասին այլ համաձայնության հասնելու համար։
Այս մասին նա ասել է Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ միասին լրագրողների հետ զրույցում։
«Ես կցանկանայի պատերազմն ավարտված տեսնել։ Կարծում եմ՝ պատերազմը կդադարի ինչ-որ պահի, որը չի լինի շատ հեռավոր ապագայում։ Բայց հիմա մենք խնդիրներ ունենք պատանդների հետ։ Մենք մի քանիսին վերադարձրել ենք, բայց դա երկար գործընթաց է։ Դա պետք է այդքան երկար չտևի», – ասել է Թրամփը։
«Մենք ամեն բան անում ենք պատանդներին ազատելու համար։ Մենք դիտարկում ենք հրադադարի այլ համաձայնագրի հասնելու տարբերակը։ Տեսնենք, թե ինչ կլինի», – հավելել է ԱՄՆ նախագահը։
Այնուհետև Թրամփը կրկնել է Գազայի հատվածի պաղեստինցիներին տարբեր երկրներ տեղափոխելու իր կոչերը, ինչը, նրա պնդմամբ, Գազայի հատվածը կվերածի «ազատության գոտու»։ Նա միաժամանակ նշել է, որ մի շարք երկրներ պատրաստ են ընդունելու Գազայի բնակիչներին, սակայն չի նշել նրանց անունները։
«Դուք գիտեք, թե ինչպես եմ ես վերաբերվում Գազայի հատվածին։ Ես կարծում եմ, որ դա անհավանական կարևոր անշարժ գույք է, և կարծում եմ, որ դա մի բան է, որում մենք կներգրավվենք։ Լավ կլինի այնտեղ Միացյալ Նահանգների նման խաղաղապահ ուժ ունենալը, որը կվերահսկի Գազայի հատվածը և դրա սեփականատերը կլինի», – հավելել է Թրամփը։
Թրամփը 2023 թվականի հոկտեմբերի 7-ը բնութագրել է որպես «սարսափելի օր»՝ ասելով, որ այն «պատմության մեջ կնշվի որպես ամենավատ օրերից մեկը»։ Նա նաև հաստատել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Իսրայելին՝ ասելով, որ Վաշինգտոնը տրամադրում է տարեկան 4 միլիարդ դոլար և կշարունակի դա անել:
Իր հերթին Նեթանյահուն նշել է, որ Իսրայելն աշխատում է Գազայի հատվածում գտնվող պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ նոր համաձայնության հասնելու ուղղությամբ։
«Մենք այժմ աշխատում ենք մեկ այլ համաձայնագրի վրա և հուսով ենք հաջողության հասնել։ Մենք պարտավոր ենք ազատել բոլոր պատանդներին», – նշել է նա:
Ինչ վերաբերում է Եմենի վրա ԱՄՆ ավիահարվածներին, Թրամփը նշել է, որ հութիները զարգացած անօդաչու թռչող սարքեր են արտադրում, բայց ԱՄՆ-ն ուժեղ հարվածեց նրանց, գործեց վճռականորեն և մեծ վնաս հասցրեց նրանց։
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Գազայի հատվածի վրա երկարաժամկետ հսկողություն սահմանելու հնարավորությունը՝ այն զարգացնելու նպատակով՝ ի շահ Մերձավոր Արևելքում խաղաղության։