Կարող է նոր իրավիճակ ստեղծվել հայաստանյան ներքաղաքական կյանքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի հարակից տարածքում հավաքական ընդդիմության նախաձեռնությամբ տեղի ունեցած խաղաղ ցույցերը ճնշելու նպատակով իշխանությունները ակցիայի մասնակիցների հանդեպ անհամաչափ ու բիրտ ուժ էին կիրառել, որովհետև նրանք այդ օրը սեփական մաշկի վրա իրապես զգացել էին իրենց իշխանության կորստի վտանգը։

ՔՊ կուսակցության հիմնադիրների շրջանում, կարծում եմ, նույն զգացումներն են արթնացրել նաև 2025 թվականի մարտի 30-ին տեղի ունեցած Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները և, հետևաբար, իրենց իշխանության փլուզումը կասեցնելու նպատակադրմամբ նրանք, ըստ իս, կարող են միջոցների մեջ խտրականություն չդնել։

ՔՊ կուսակցության առաջնորդները քարոզչական տարբեր հնարքներով փորձում են քողարկել իրենց վախերը, սակայն դա նրանց չի հաջողվում, և արդյունքում՝ 2026 թվականի հերթական ընտրություններից առաջ, հայտնվել են ցայտնոտի մեջ, ինչը կարող է նրանց ավելի անկանխատեսելի դարձնել։

Վերը նշածս երկու իրադարձություններին իշխանությունների հակազդեցության տարբերությունը կարող է լինել այն, որ այժմ հարվածի տակ կարող են հայտնվել ոչ միայն ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները։ ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության պարտությունն ու վարկանիշի սրընթաց անկման մեղավորությունը իրենից հեռու վանելու համար ՀՀ վարչապետին քավության նոխազներ են պետք լինելու, և կարծում եմ՝ նա անպայման նաև յուրայինների մեջ կփնտրի ու կգտնի նրանց։

Իշխանական թևում առկա կադրային դեֆիցիտի ու որակի մասին վարչապետի՝ օրերս հայտարարած դժգոհությունները, կարծում եմ, հենց մեղավորներ գտնելու նախերգանքն էր։ Հետևաբար, թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական թևերի առանցքային դերակատարում ունեցող տնտեսական ու քաղաքական գործիչների համար առաջիկայում անձնական անվտանգության ապահովումը առաջնահերթություն է լինելու, և հակառակ ճամբարներում գտնվող գործարարների ու քաղաքական գործիչների շրջանում անձնական անվտանգության խնդրի շուրջ, իմ դիտարկմամբ, կարող են առաջանալ ընդհանուր շահեր, ինչն էլ իր հերթին կարող է նոր իրավիճակ ստեղծել հայաստանյան ներքաղաքական կյանքում։

Մեծ հաշվով, անձնական անվտանգության ապահովումը միշտ է եղել առաջնահերթություն, սակայն համակարգված գործընթացների կայունության ու կանխատեսելիության շնորհիվ ընդդիմադիր համայնքը համարձակորեն խիստ և արդարացի քննադատության էր ենթարկում ՀՀ իշխանություններին՝ վստահ լինելով, որ իրենց գործողություններում հանցակազմ չկա, սակայն ներկայիս հետընտրական շրջանում, ՔՊ կուսակցության ինքնապահպանման ագրեսիվ բնազդի դրսևորմամբ պայմանավորված, ըստ իս, հակաիշխանական գործողություններում կամ հայտարարություններում հանցակազմի բացակայությունը բավարար չի լինի ազատության մեջ գտնվելու համար։

Չեմ կարծում, որ ընդդիմադիր գործիչների համար համահայկական խնդիրներն այժմ հետին պլան են մղվել, սակայն ակնհայտ է, որ անձնական անվտանգության համար այժմ ավելի շատ պետք է մտահոգված լինեն։ Եվ դա շատ բնական ու հասկանալի է։ Մենք տեսնում ենք, որ անազատության պայմաններում նույնպես կարելի է պայքարել, սակայն աննկատ չի մնում նաև նման պայմաններում պայքարի անարդյունավետությունը, ինչը պայմանավորված է պայքարողի՝ տևական ժամանակ հոգեբանական դիսկոմֆորտի մեջ գտնվելու հանգամանքով։

Տեսանյութեր

Լրահոս