
Ամերիկյան հարվածներից Եմենում 4 քաղաքացի է զոհվել, ևս 25-ը՝ վիրավորվել

Եմենի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ մայրաքաղաք Սանայում գտնվող Շաաբ ալ-Հաֆֆա թաղամասի վրա ամերիկյան հարձակման հետևանքով 4 քաղաքացի է զոհվել, ևս 25-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ 11 կին և երեխա։ Այս մասին հայտնել է հութիների Al Masirah հեռուստաալիքը։ Բացի այդ, ևս երեք ավիահարվածներ են ուղղվել մայրաքաղաք Սանայից հյուսիս-արևմուտք գտնվող Հաջա նահանգի Բանի Հասան շրջանին, որոնց մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Տեղեկություններ են հաղորդվում, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, ցամաքային հարձակում սկսի իրականացնել Եմենում։ Գործողությունը, որը, հավանաբար, կսկսվի երկրի հարավում և արևելքում, կարող է իրականացվել ԱՄՆ-ի ռազմածովային աջակցությամբ։
Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ մարտի 15-ից ամերիկյան ավիացիան ավելի քան 200 հարված է հասցրել Եմենում հութի «Անսար Ալլահ» խմբավորմանը պատկանող թիրախներին։
Տեղեկություններ կան այն մասին, որ հութիների «Անսար Ալլահ» խմբավորումն իրականացրել է ավելի քան 100 հարձակում և խորտակել երկու նավ: Արդյունքում առևտրային նավերի 70%-ը, որ ժամանակին անցնում էին Կարմիր ծովով, այժմ երկար ճանապարհ են անցնում հարավային Աֆրիկայի շուրջ:
ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր ամենօրյա հարձակումներ է իրականացնում Եմենի վրա այն բանից հետո, երբ հութիները մարտի 12-ին սպառնացել էին վերսկսել հարձակումները Կարմիր ծովում Իսրայելի հետ առնչվող նավերի վրա:
Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր և Արաբական ծովերում, ինչպես նաև Ադենցի ծոցում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին: