
ՔՊ-ն կպայթեցնեն Գյումրու ընտրությունները. ՔՊ-ում ոչ բոլորն են աշխատում Սարիկի համար. Գառնիկ Դանիելյան
«Նիկոլ Փաշինյանի սեղանին սոցիոլոգական հարցման տվյալներ են դրվել, ըստ որոնց՝ ՔՊ-ն Գյումրիում ունի ընդամենը 20 տոկոս հավաքելու հնարավորություն՝ մի ամբողջ պետական համակարգ այդ նպատակին ծառայեցնելու դեպքում։ Այս իրավիճակն է Փաշինյանի վերջին օրերի պահվածքի պատճառը,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ շարունակելով,- ՔՊ-ի ներսում գզվռտոց է. այդ թիմում կան մի քանի խմբավորումներ, որոնք անողոք պայքար են մղում միմյանց դեմ։ Կիրակի օրը Գյումրիում կայանալիք ընտրությունները շատ ցայտուն ցույց են տալու ՔՊ-ի պառակտվածությունը։
Նշեմ, որ ամբողջ ՔՊ-ն միասնական չի աշխատում իրենց թեկնածու Սարիկի հաղթանակի համար։ Փաշինյանը գիտի՝ Գյումրու ընտրությունները կպայթեցնեն ՔՊ-ն։ Դրանով է պայմանավորված իր բռնապետական կեցվածքը նաև ՔՊ-ականների նկատմամբ, որովհետև ՔՊ-ի ներսում կան թիմեր, որոնք իրար ավելի սուր են քննադատում, ավելի ատում, քան ընդդիմությանը։ Փաշինյանին զեկուցել են, որ ինքը՝ վարչական ռեսուրսով հանդերձ, ունի 20 տոկոսանոց քվե, ինչից հետո Փաշինյանը հավաքել է ՔՊ-ական վերնախավին ու ասել՝ այս ի՞նչ եք անում»։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ ՔՊ-ական պատգամավորները, ինչպես նաև Գյումրիում ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին սատարողները պետք է հասկանան մեկ բան՝ Փաշինյանից հետո ևս կյանք կա, իսկ Սարիկը պետք է մտածի՝ ինչպե՞ս է կարողանալու այսքանից հետո ապրել Գյումրիում։
«Մեր հասարակությունը շատ բաներ է կուլ տվել, բայց արդեն սկսել է արթնանալ այդ թմբիրից և շուտով բոլորին տալու է իր արժանի գնահատականը։ Գյումրիում ընտրությունը լինելու է հաղթանակների սկիզբ, պատահական հո չէ՞, որ ՔՊ-ականները Գյումրու ընտրությունները սովորական քաղաքային ընտրություններ չեն դիտարկում, գիտեն, որ Փաշինյանի հետ միասին պատասխան են տալու»,- խոսքը եզրափակեց Դանիելյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։