
Առկա չէ որևէ դատական ակտ, որով այս կամ այն կերպ հաստատված է առաջադրված մեղարդանքում Տարոն Մարգարյանի մեղավորությունը. Բենիկ Գալստյան

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երկրորդ արձանագրումը՝
Գլխավոր դատախազն Ազգային ժողովում նշեց, որ՝ «մենք սպասեցինք դատարանի կողմից որոշում կլինի և կդիտենք նախկինում թույլ տրված չարաշահումները որպես «պրեդիկատ» հանցագործություն՝ նախորդող հանցագործություն, որը անհրաժեշտ է փողերի լվացման համար…»՝ թերևս այդ ձևով փորձելով պատճառաբանել, թե ինչու են այսքան ժամանակ անց հիշել պարոն Մարգարյանի կողմից «փողերի լվացում» կատարելու մասին։
Մինչդեռ հարկ է փաստել, որ դատարանում քննվող քրեական գործով առկա չէ որևէ դատական ակտ, որով այս կամ այն կերպ հաստատված է առաջադրված մեղարդանքում Տարոն Մարգարյանի մեղավորությունը, որևէ ձևով՝ թեկուզ անուղղակի հաստատված է Տարոն Մարգարյանի կողմից հակաօրինական արարք կամ ինչպես նշեց գլխավոր դատախազը՝ «չարաշահումներ» կատարելու փաստը։
Այս մտքով, սակայն, գլխավոր դատախազն ըստ էության հակասում է ինքն իրեն. մի կողմից նշում է, որ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված մոտեցումներով՝ ամենևին անհրաժեշտ չէ, որ նախորդող հանցանքը հաստատված լինի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, մյուս կողմից՝ պնդում է, որ սպասել են դատարանի ակտին, որով կհաստատվի նախորդող հանցանքը։
Այս պայմաններում առավել քան ակտուալ է մնում այն հարցը, թե ինչու են քննչականն ու դատախազությունը միայն 4 տարի անց որոշել պարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել «փողերի լվացման» համար։
Շարունակելի…»