
Այս քաղաքական ռեժիմը թշնամու՝ Ալիևի ուլտիմատումի տակ է աշխատում. Արմեն Մանվելյան
Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին Ազգային ժողով-Կառավարություն հերթական հարցուպատասխանի ժամանակ դարձյալ անդրադարձավ 30 տարի Արցախ պահած և Ալիևներին հաղթած Հայաստանի նախկին երեք նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
Փաշինյանը նախ սպառնաց նրանց «պատերով տալ և քաղաքական դիակի մնացորդները դուրս հանել», ապա, շարունակելով ոչ ադեկվատ պահվածքը, հայտարարեց՝ Հայաստանի Հանրապետության անունից որոշումներ կայացնողն ինքն է և ինքը որոշել է, որ Հայաստանը Ղարաբաղյան շարժումը չի շարունակելու։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «ՀայաՔվե» միավորման անդամ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանը, խոսելով Փաշինյանի վերը նշած հայտարարությունների մասին՝ դրանք պայմանավորեց երկու հանգամանքով։
«Նախ, իշխանության պարագլխի վարկանիշը կտրուկ ընկել է՝ վերջին չորս ամսում շատ մեծ թափով։ Մյուս կողմից՝ ընդդիմության նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, որովհետև իրենք էլ գիտեն, որ թալանը վերադարձնելու խոստումներն այլևս չեն աշխատում։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան շարժումը չշարունակելու մասին նրա հայտարարությանը, ապա դա Ալիևի ուղիղ պահանջն է։ Վստահ եմ՝ հաջորդիվ ասելու է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն են դադարեցնում։ Այդպես է ասում, որովհետև Փաշինյանի՝ իշխանության մնալ-չմնալու հարցը կախված է Ալիևի և Էրդողանի դիրքորոշումներից։ Այս քաղաքական ռեժիմը թշնամու՝ Ալիևի ուլտիմատումի տակ է աշխատում, և խորքային կախվածության մեջ են ընկել Թուրքիայից և Ադրբեջանից»,- ասաց Մանվելյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունների ֆոնին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի այն հայտարարությանը, որ Երևանը պետք է արագացնի Խաղաղության պայմանագիր կնքելու ժամանակը, որովհետև այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, Արմեն Մանվելյանը նկատեց՝ սա էլ է վկայում Փաշինյանին ուլտիմատում ներկայացնելու մասին։
«Կրկնում եմ՝ Փաշինյանի մնալ-չմնալը կախված է Բաքվի դիրքորոշումից, Ալիևն է որոշում՝ Փաշինյանը կմնա՞, թե՞ նրան կհեռացնեն սահմանային էսկալացիա հրահրելու ճանապարհով»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։