Սեուլը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան ևս 3000 զինվորական է ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեան տարեսկզբից ևս 3000 զինվոր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական ուժերին աջակցելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է CNN-ը, այս մասին հայտնել է Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն։

Սեուլի ստացած տեղեկությունների համաձայն՝ ի սկզբանե Ռուսաստան ուղարկված 11 000 հյուսիսկորեական զինվորականներից 4000-ը ենթադրաբար սպանվել կամ վիրավորվել են:Բացի այդ, Հյուսիսային Կորեան շարունակում է Մոսկվային հրթիռներ, հրետանի և զինամթերք մատակարարել։

Ըստ առկա տվյալների՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին է մատակարարել «զգալի քանակությամբ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ», ինչպես նաև ականանետներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Սեուլը նաև հայտնել է, որ ճակատում տիրող իրավիճակից կախված՝ այդ թիվը կարող է աճել։

2024 թվականի հոկտեմբերից Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) մոտ 10 000 զինվորական էր տեղակայել Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում, ուր ուկրաինացի զինվորականներ էին ներխուժել։

Հունվարի վերջին ամերիկյան The New York Times թերթը և բրիտանական Sky News հեռուստաալիքը հայտնել էին, որ հյուսիսկորեական ուժերին ստիպված են եղել դուրս բերել առաջնագծից՝ մեծ կորուստների պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս