
Թրամփը վստահում է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականին՝ չնայած սկանդալին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կորցրել վստահությունը ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Մայք Ուոլցի նկատմամբ՝ չնայած Եմենում ԱՄՆ-ի ռազմական հարվածների մասին տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալին։ Այդ մասին տեղեկացնում է NBC News-ը։
«Նա լավ մարդ է և դաս է քաղել այդ ամենից»,- ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ The Atlantic ամսագրի գլխավոր խմբագրի ներկայությունը Signal-ի աշխատանքային չաթում ամերիկյան վարչակազմի անդամների հետ զրույցում ոչ մի ազդեցություն չի ունեցել Եմենում ԱՄՆ-ի գործողության վրա։ Նա կատարվածը համարում է աննշան սայթաքում։
The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը հոդված էր հրապարակել այն մասին, որ Ուոլցն իրեն ընդգրկել է Signal-ի աշխատանքային չաթում, որտեղ պաշտոնյաները քննարկել են ԱՄՆ զինված ուժերի հարվածները Եմենի հութիների ուղղությամբ: Գոլդբերգի խոսքով՝ չաթում, բացի Ուոլցից, եղել են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։