
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում դատապարտել են Ստամբուլի քաղաքապետի կալանավորումը և բողոքի ակցիաների ճնշումը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովի նախագահ Լյուսի Պոտուչկովան (Չեխիա) և զեկուցող Կարինա Օդեբրինկը (Շվեդիա) մտահոգություն են հայտնել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման և Թուրքիայում դրան հաջորդող բողոքի ակցիաները ճնշելու կապակցությամբ։ Այս մասին գրված է նրանց տարածած հայտարարության մեջ։
«Էքրեմ Իմամօղլուի կալանավորումը, բազմաթիվ քաղաքային պաշտոնյաների հետ միասին, որոնք մեղադրվում են կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորումների հետ ենթադրյալ կապերի մեջ, խորապես անհանգստացնող է: Դրա համար ընտրված ժամանակը՝ որպես նախագահի թեկնածու նրա ակնկալվող առաջադրումից ընդամենը մի քանի օր առաջ, լուրջ մտահոգություններ են հարուցում այդ գործողությունների ժողովրդավարական համատեքստի վերաբերյալ», – նշված է հայտարարության մեջ:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնյաները նաև շեշտել են անկախ և թափանցիկ դատական գործընթացի անհրաժեշտությունը և դատական ինստիտուտներին կոչ են արել պահպանել անաչառությունը և միջազգային իրավական չափանիշները:
«Մեզ անհանգստացնում են նաև ցուցարարների, ինչպես նաև լրագրողների համատարած ձերբակալությունների մասին հաղորդումները։ Այս բողոքներին արձագանքը պետք է հարգի հիմնարար իրավունքները, ներառյալ հավաքների և արտահայտվելու ազատությունը: Կարևոր է, որ թուրքական իշխանությունները թույլ տան անհատներին իրենց կարծիքը բարձրաձայնել խաղաղ ճանապարհով և առանց հաշվեհարդարի վախի», – հավելել են նրանք:
Ըստ հայտարարության՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ուշադիր հետևում է իրավիճակին և կոչ է անում հարգել ժողովրդավարական սկզբունքները։
«Մենք հավատարիմ ենք մնում կառուցողական երկխոսությանը և հանձնառու ենք աջակցել Թուրքիային Հելսինկյան եզրափակիչ ակտով ստանձնած մարդու իրավունքների իր պարտավորությունները կատարելու գործում։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին թուլացնել լարվածությունը և պաշտպանել բոլոր քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքները», – նշված է հայտարարության մեջ:
Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին ևս 100 անձանց հետ միասին, որոնց թվում են քաղաքական գործիչներ, լրագրողներ, գործարարներ։ Նա պաշտոնապես կալանավորվել է մարտի 23-ին՝ մեղադրվելով հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, կաշառք վերցնելու, շորթման, անօրինական ճանապարհով անձնական տվյալներ գրանցելու և տենդեր կեղծելու մեջ։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իմամօղլուի պաշտոնավարումը՝ որպես Ստամբուլի քաղաքապետ, կասեցվել է։ Թուրքիայում վերջին օրերի ընթացքում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում, որոնք ուղեկցվել են ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով։