
Լուկաշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը

Մինսկի Անկախության պալատում տեղի է ունեցել Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը, որից հետո նա կրկին ստանձնել է նախագահի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ լրատվական գործակալությունը։
Արարողությանը հրավիրված էր ավելի քան 1100 մարդ, սկզբում հանդիսավոր երթի հնչյունների ներքո երդմնակալության վայր է բերվել Բելառուսի Հանրապետության Սահմանադրությունը։
Արարողությունը բացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն՝ հայտարարելով, որ Բելառուսի ժողովրդի կամքով, ազատ ու ժողովրդավարական ընտրությունների պայմաններում, երկրի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն։Լուկաշենկոն երդում է տվել բելառուսերեն, որից հետո հնչել է հանրապետության պետական օրհներգը, այնուհետև նախագահը ստորագրել է երդում տալու ակտը։
Այսպիսով, 70-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն 7-րդ անգամ է ստանձնում Բելառուսի նախագահի պաշտոնը։ Հունվարի 26-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ Լուկաշենկոյի օգտին է քվեարկել ընտրողների 86,82%-ը։
Նա Բելառուսը ղեկավարում է 1994 թվականից։