
Միխայիլ Եֆրեմովը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել

Բելգորոդի մարզի Ալեքսեևսկի շրջանային դատարանը բավարարել է Մոսկվայում մահացու ավտովթարի համար դատապարտված դերասան Միխայիլ Եֆրեմովին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Լսումների ընթացքում ուղղիչ հիմնարկի ներկայացուցիչը հայտնել է, որ Եֆրեմովն աշխատել է որպես կարի տեղամասի պահեստապետ և փայտամշակման տեղամասի օժանդակ բանվոր՝ իր պարտականությունները բարեխիղճ կատարելով:
Պատիժը կրելու ընթացքում նա 2023 թվականի ապրիլին ունեցել է մեկ չարամիտ խախտում՝ կապված արգելված իր հանդիսացող հեռախոսի օգտագործման հետ։ Տեղի են ունեցել նաև երեք աննշան խախտումներ՝ առանց թույլտվության գտնվելն օբյեկտում, հագուստի վրակարի բացակայությունը և անձնական իրերի ցուցակի անհամապատասխանությունը: Բոլոր տույժերը մարվել են։
Ներկայացուցչի խոսքով՝ այլ դատապարտյալների հետ Եֆրեմովը կոնֆլիկտներ չի ունեցել։ Նա ակտիվորեն մասնակցել է գաղութի հասարակական և կրթական կյանքին, ինը անգամ խրախուսվել է վարչակազմի կողմից, դարձել դատապարտյալների շրջանում անցկացված՝ Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի հիման վրա համառուսաստանյան մրցույթի հաղթող, ստացել է մի շարք այլ մրցանակներ:
Եֆրեմովի փաստաբան Յուրի Պադալկոն ընդգծել է, որ իր պաշտպանյալը կամավոր բավարարել է տուժողների պահանջները, որոնք վերաբերում են բարոյական վնասին և այլ ծախսերին:
Դատախազության ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդությունը ենթակա է բավարարման, սակայն երեք տարի ժամկետով մեքենա վարելու իրավունքից զրկելու պատիժը պետք է պահպանվի:
«Անկեղծորեն զղջում եմ կատարած հանցագործության համար, մեկ անգամ ևս հայցում, խորին ցավակցությունս հայտնում տուժածներին և խնդրում ներել ինձ: Բոլոր հայցերն իմ կողմից փոխհատուցվել են։ Պատիժը կրելու ընթացքում չի եղել մի օր, որ ես չմտածեմ իմ արարքի մասին։ Ես հասկացել եմ, որ ինքնահավանությունը, ամենաթողությունը և հարբեցողությունը ինձ հասցրել են օրինաչափ և արժանի պատժի։ Իմ գլխավոր թշնամին ալկոհոլն է, և ես այն իմ կյանքում այլևս չի լինելու», – նիստի ընթացքում ասել է Եֆրեմովը։
2020 թվականի հունիսի 8-ի երեկոյան ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Եֆրեմովը Մոսկվայի կենտրոնում Jeep Grand Cherokee-ի ղեկին կրկնակի շարունակական հատում է կատարել և բախվել Lada ֆուրգոնին, որի վարորդը՝ առցանց խանութի առաքիչ Սերգեյ Զախարովը, հետագայում մահացել է հիվանդանոցում: Եֆրեմովը 7,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Բելգորոդի գաղութում։