Բաժիններ՝

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն անընդունելի է համարում վրացի երկրպագուների պահվածքը հայ ֆուտբոլասերների նկատմամբ

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին անդրադարձել է Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի մի խումբ երկրպագուների դրսևորած սադրիչ վարքագծին հայ երկրպագուների նկատմամբ։ 

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  նախագահը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Շնորհակալություն մեր թիմի հավատարիմ երկրպագուներին, որոնք հրաշալի մթնոլորտ էին ստեղծում «Դինամո Արենայում» կայացած խաղի ամբողջ ընթացքում:

Ձեր հսկայական աջակցությունն իսկապես զգացվում էր մարզադաշտում և ավանդաբար մեծ մոտիվացիա էր հաղորդում թիմին, ինչի համար կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ: Սակայն անպայման պետք է նշեմ խաղից հետո տեղի ունեցած միջադեպի մասին, երբ հանդիսատեսի մի փոքր մասը ներխուժեց մարզադաշտ, և տհաճ միջադեպ տեղի ունեցավ ինչպես խաղադաշտում, այնպես էլ հյուրերի թիմի տրիբունաների մոտ:  

Հյուրընկալվող թիմի երկրպագուի նկատմամբ նման պահվածքն անընդունելի է:  Այս բացարձակ անընդունելի արարքով մենք վիրավորեցինք հյուր թիմի երկրպագուներին և հնարավորություն չտվեցինք մեր թիմին հաղթանակը տոնել իր հավատարիմ երկրպագուների հետ: Նման գործողությունները վնասում են ֆուտբոլին և ստվեր գցում մեր երկրի միջազգային հեղինակության վրա:  

Այս միջադեպը կարող է ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների առիթ դառնալ, որոնք վնաս կհասցնեն մեր թիմին և վրացի ֆուտբոլասերներին: Շնորհակալություն հրավիրյալ թիմին, ինչպես նաև նրանց երկրպագուներին, որոնք ընկերական մթնոլորտ են ստեղծել ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երևանում:  

Ցանկանում ենք նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին և մեր գործընկերներին ամենաբարձր մակարդակով ընդունելության համար: Երկու երկրների միջև սերտ մարզական կապերը հաստատվում են նաև ամենահեղինակավոր առաջնություններից մեկի անցկացման Վրաստանի և Հայաստանի համատեղ հայտով: 

Հույս ունեմ, որ և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը 2029 թվականին կընդունեն ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Ֆուտբոլը միավորում է մեզ և բերում հաջողություն: Հատուկ շնորհակալություն մեր ֆուտբոլային թիմի յուրաքանչյուր անդամի, ամբողջ թիմին և մարզչական շտաբին, որոնք հիանալի նվիրվածություն և տրամադրություն ցուցաբերեցին փլեյ-օֆֆի երկու խաղերում էլ հաղթելու համար»: 

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվեց Վրաստանի հավաքականին` զիջելով 6:1 հաշվով: Խաղի ավարտից հետո վրացի երկրպագուների մի խումբ մտել են խաղադաշտ` վազել դեպի հայ երկրպագուների սեկցիա ու պլաստիկե ու մետաղական տարաներ նետել հայ երկրպագուների ուղղությամբ: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս