Թուրքիայում լուրջ բախումներ են տեղի ունեցել Էրդողանի մրցակցի կալանավորմանը հաջորդող ցույցերի ժամանակ

Տասնյակ հազարավոր ցուցարարներ մասնակցել են ամբողջ Թուրքիայում անցկացվող ցույցերին այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուն պաշտոնապես կալանավորվել է և մեղադրվել կոռուպցիայի մեջ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մարտի 23-ին քվեարկության արդյունքում պետք է ընտրվեր որպես Հանրապետական-​​ժողովրդական կուսակցության (CHP) թեկնածու 2028 թվականի նախագահական ընտրությունների համար։

Ի պատասխան նրա կալանավորման՝ մարտի 23-ի երեկոյան լուրջ անկարգություններ են տեղի ունեցել, ցուցարարների վրա կրակել են ռետինե փամփուշտներով, նրանց դեմ արցունքաբեր գազ կիրառել:

Ըստ AFP-ի՝ ցույցեր են անցկացվել Թուրքիայի 81 նահանգներից առնվազն 55-ում։Իմամօղլուն հայտարարել է, որ իր դեմ ուղղված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։

 «Ես երբեք չեմ խոնարհվի», – գրել է նա X-ում։Էրդողանը դատապարտել է ցույցերը և CHP-ին մեղադրել «խաղաղությունը խափանելու և ժողովրդին բևեռացնելու» փորձերի մեջ։

Մարդկանց մեծ բազմությունը Ստամբուլի քաղաքապետարանի առջև հավաքվել է 5-րդ գիշերը շարունակ։ Նրանց առջև ելույթ է ունեցել Իմամօղլուի կինը՝ Դիլեք Քայա Իմամօղլուն։

Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին ևս 100 անձանց հետ միասին, որոնց թվում են քաղաքական գործիչներ, լրագրողներ, գործարարներ։ Նա պաշտոնապես կալանավորվել է մարտի 23-ին՝ մեղադրվելով հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, կաշառք վերցնելու, շորթման, անօրինական ճանապարհով անձնական տվյալներ գրանցելու և տենդեր կեղծելու մեջ։ 

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իմամօղլուի պաշտոնավարումը՝ որպես Ստամբուլի քաղաքապետ, կասեցվել է։

BBC-ն նշում է, որ Իմամօղլուի ձերբակալությունից հետո կայացած ցույցերը դարձել են երկրում ամենազանգվածայինը  2013 թվականին Գեզիի ցույցերից հետո, որոնք սկսվել էին Ստամբուլում՝ տեղի զբոսայգիներից մեկի քանդման պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս