
Իրանի ԱԳ նախարարն այսօր կժամանի Հայաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստանի մայրաքաղաք՝ ծրագրելով հայկական իշխանությունների հետ քննարկել երկկողմ հարաբերություններն ու Անդրկովկասի տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, հայտնել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանի Իսլամական Հանրապետության եւ նրա հարեւանների միջեւ երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանում (Անդրկովկասում – խմբ.) տեղի ունեցող վերջին զարգացումների հարցերի շուրջ մշտական խորհրդակցությունների շրջանակներում մեր երկրի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի կայցելի Երեւան», – ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ այցի ընթացքում, որը պետք է տեղի ունենա հայկական կողմի նախաձեռնությամբ, Արաղչին կհանդիպի իր գործընկերոջ, ինչպես նաև վարչապետի և Հայաստանի իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ։