
«Խնդրեմ, ինքս իմ 5 լիտր արյունը հանուն այդ նպատակի տամ իրենց, բայց… Թույլ չենք տալու մեր հաշվին լրացնել որևէ մեկի քաղաքական բալանսը». Արմեն Աշոտյան

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է պատասխանել քաղաքացիների հարցերին` «5 հարց Արմեն Աշոտյանին» խորագրի ներքո:
– Պարոն Աշոտյան, ընդունեք, որ Նիկոլի ծրագիրը թեպետ անընդունելի է, բայց շատ ավելի պարզ է հասարակության համար, այնինչ ընդդիմությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին հանդես է գալիս երկար և խուճուճ ճառերով։ Ինչպե՞ս կբացատրեք սա:
Արմեն Աշոտյան – Ֆորմալ առումով ճիշտ եք արձանագրում։ Նիկոլի ծրագիրը շատ տեսանելի է` վախացնելով մարդկանց՝ հանձնել և հանձնվել, որպեսզի պահի պաշտոնը։
Չգիտեմ, թե խայտաբղետ ընդդիմությունից ո՞ւմ տեսակետներն եք լսել և չեք հավանել, բայց կոնկրետ Հանրապետականը մաքսիմալ հստակ է, պրոֆեսիոնալ և էժանագին խոստումներից զերծ։ Անկումը հնարավոր է կասեցնել խելացի, բայց ծանր աշխատանքով։
Քանի որ դետալների մեջ մտնելն այս ձևաչափով անշնորհակալ զբաղմունք է (հուսամ, մի օր կունենամ տեսախցիկով մանրամասնելու և հիմնավորելու հնարավորություն), կբերեմ Ձեր մատնանշած պարադոքսը բացատրող օրինակ։
Պատկերացրեք` շախմատային խաղ է և Հայաստանը ներկայացնողը դիտավորյալ սխալ քայլեր է անում, տանում է պարտության և պատրաստ է հանձնվել։ Այս իրավիճակը խաղատախտակին շատ ավելի «նաղդ» է երևում, քան այդ խաղացողին փոխարինելու կոչերը, որոնց արդյունքում առնվազն կդադարի «խոսացած և ծախված» խաղը։ Մատ լինելը ավելի հստակ է հանդիսատեսի համար, քան մատից խուսափելու տարբերակին ուղղված երկար կոմբինացիաները և հաշվարկները։
Նույնը ճշգրտորեն իշխանություն/ընդդիմություն այսօրվա քաղաքական դիսկուրսին է վերաբերվում. խեղդվելը ավելի հեշտ է և արագ, քան փրկվելու խաթր շարունակել լողալը։
-Ներընդդիմադիր մարտերն այս պահին, կարծես, տեղափոխվել են քրոնիկ փոխհրաձգության փուլ: Ի՞նչ շահեցիք սրա արդյունքում։
Արմեն Աշոտյան – Հասկանում եմ և կիսում եմ հարցի մեջ զգացվող ներվը։ Ո՞ւմ էր ձեռնտու Փաշինյանի պատմական նվազագույն վարկանիշի պարագայում ծրագրավորել և հրահրել «տարանջատման» օպերացիան։
Հանրապետականը 18-ից հետո, ի տարբերություն որոշ այլ ընդդիմադիրների, երբեք ալֆա-հավակնություններ չի դրսևորել, ու, անկեղծ զարմացած է, որ նման հավակնություններ դրսևորած ուժերը փաստացի փորձում են ընդամենն ամրագրել իրենց բետտա-կարգավիճակը։
Աստված իրենց հետ, զատվեցինք-պրծանք, բայց մեր հաշվին լրացնել որևէ մեկի քաղաքական բալանսը` թույլ չենք տվել և թույլ չենք տալու։ Եթե ուզում են խմել մեր արյունը, նոր ուժ և էներգիա ստանալ, որ գահընկեց անեն Նիկոլին, խնդրեմ, ինքս իմ 5 լիտր արյունը հանուն այդ նպատակի տամ իրենց։ Սակայն նույն բանն անել արտաքին քաղաքական ազդակների ներքո ներքաղաքական ստատուս-քվոն վերարտադրելու համար, չեմ պատրաստվում։
Դրա համար չէ Հանրապետականը դիմակայել 2018-ի վակխանալիային, չդադարող ռեպրեսիաներին, ստի, ատելության և կեղծիքի շքահանդեսներին։