Ալբոմով ցույց կտանք՝ Ադրբեջանը վանդալիզմի ինչպիսի դեպքեր է իրականացնում Արցախում. Հովիկ Ավանեսով

Արցախի Հանրապետության վտանգված հուշարձանները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից արդեն լիովին ոչնչացված հուշարձանները, իրենց ամբողջ պատմությամբ կհավաքագրվեն և ալբոմի տեսքով կներկայացվեն հանրությանը։ Գործընթացը ծանր է, ժամանակատար ու աշխատատար, բայց պետք է իրականություն դառնա։

Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Արցախի Հանրապետության «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, պատմաբան Հովիկ Ավանեսովը։

Նրա խոսքով՝ այս մեծ նախագծի առաջին փուլով Լեռնիկ Հովհաննիսյանի և Արմինե Հայրապետյանի համահեղինակությամբ հրապարակման են նախապատրաստում ամբողջ Արցախի տարածքում գտնվող Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ու խորհրդանիշների ալբոմը։ Ալբոմում տեղ կգտնեն նաև այդ համալիրների տարածքում գտնվող՝ Արցախի համար նահատակված հերոսների, նաև Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները։

«Արցախի որոշ բնակավայրերում մենք նմանատիպ հուշահամալիրներ ունեինք։ Ցավոք, հուշահամալիրներն այս պահին մասնակի կամ ամբողջությամբ Ադրբեջանի կողմից ոչնչացված են, և ալբոմում մենք կանդրադառնանք նաև դրան, և, թե դրանց փոխարեն՝ հիմա Ադրբեջանն ինչ է կառուցել։ Օրինակ, մենք տեղեկություններ ունենք, որ Շուշիում հուշահամալիրը, որը ոչնչացրել են, և որի տարածքում, բացի Հայրենական պատերազմին նվիրված հուշակոթողից, կար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, Ադրբեջանը նախատեսում է  կառուցել թանգարան, կառուցվող մզկիթը ևս որոշակի տարածք է զբաղեցնում։

Կարդացեք նաև

Մեր նպատակն է՝ Հայրենական պատերազմի  80-ամյակն օգտագործելով՝ ցույց տալ, թե Ադրբեջանը վանդալիզմի ինչպիսի դեպքեր է իրականացնում Արցախում»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։

Նրա խոսքով՝ դրանով մի կողմից՝ աշխարհին ցույց կտան, որ Հայրենական պատերազմի հաղթանակը նաև հայության հաղթանակների մի մասն է կազմում, որում մեծ ներդրում են ունեցել արցախցիները, մյուս կողմից էլ՝ ցույց կտան, որ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշահամալիրների տարածքում կառուցվել են նաև արցախյան պատերազմին նվիրված հուշարձաններ, որոնք Ադրբեջանի կողմից ենթարկվում են վանդալիզմի։

«Արցախյան պատերազմը եղել է մեր Հայրենական պատերազմը, չենք համարում, որ Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական բռնազավթումից հետո մեր Մեծ Հայրենական պատերազմն ավարտվել է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հովիկ Ավանեսովը նաև տեղեկացրեց, որ նախագիծը փուլ առ փուլ կիրականացնեն, կամբողջացնեն նաև ՀՀ տարածքում եղած հուշարձանները՝ նվիրված Հայրենական ու Արցախի պատերազմների նահատակներին։

Ալբոմը կունենա նաև հավելված, Արցախի հուշարձանները կներկայացվեն գրքի տարբերակով, կհրապարակվեն պատերազմի մասնակցած անձանց անունները։ Արցախյան ազատամարտի հուշարձաններին զուգահեռ՝ կներկայացվի նաև դրանց կարճ նկարագրությունը։
«Ադրբեջանի կողմից ամեն օր Արցախում ոչնչացվում են հուշարձաններ, այս պահին չունենք ամբողջական ցանկ, քանի որ ոչնչացված հուշարձանների թիվն ամեն օր ավելանում է։ Սակայն ամեն օր ցուցակագրում ենք վանդալիզմի ենթարկված հուշարձանները։ Օրինակ, Ազոխ գյուղում ամբողջովին ոչնչացվել են, Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում, Շուշիում։ Մեր տարբեր հերոսների կիսանդրիները ևս վանդալիզմի են ենթարկվել։

Մենք, արդեն երկրորդ տարին է՝ մարտ ամսին հրապարակում ենք հուշարձանների ցանկ, մեկ տարվա կտրվածքով, թե որոնք են ոչնչացվել Ադրբեջանի կողմից։ Հրապարակում ենք նաև անգլերենով, որպեսզի Հայաստանի սահմաններից դուրս ապրող մարդկանց ևս հասանելի լինի»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։

Տեսանյութեր

Լրահոս