
Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել 30-օրյա հրադադարի վերահսկման համար

Ուկրաինան սկսել է ձևավորել ազգային թիմ, որը կզբաղվի 30-օրյա հնարավոր հրադադարի վերահսկման մեխանիզմների մշակմամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
«Մենք արդեն հիմա փաստացի սկսել ենք ազգային թիմի ձևավորումը, որը կպատրաստի համապատասխան գործողությունների ալգորիթմներ՝ հնարավոր հրադադարի պատշաճ վերահսկման համար։ Դա չափազանց բարդ գործընթաց է»,– նրա խոսքերը մեջբերել է «ՌԲԿ-Ուկրաինան»։
Ուկրաինայի ԱԳ նախարարը հիշեցրել է Մինսկի համաձայնագրերի շրջանակում հրադադարի խախտումների հետ կապված անցյալի «բացասական փորձի» մասին, որը, ըստ նրա, թույլ է տվել Ռուսաստանը։
«Այժմ մեր բոլոր ջանքերը ուղղված կլինեն այն բանին, որպեսզի ուկրաինական կողմն առավել պատրաստ լինի՝ համապատասխան թիմերով, մշակված մեխանիզմներով և հստակ մոդելներով։ Խոսքը վերաբերում է Ուկրաինայի համար արդար խաղաղության հասնելու պայմանավորվածությունների և գործողությունների ծրագրի տեսլականին, ինչպես նաև անվտանգության երաշխիքների փաթեթի պարամետրերին ու ծավալին»,– հավելել է Սիբիհան։