
«Ոչ մի կոմպրոմիս չի լինելու». ՀՀ կառավարությունը մերժեց գույքահարկը մեղմելու նախագիծը

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության օրենսդրական փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր մեղմել գույքահարկը։
Ընդդիմադիր խմբակցությունը «Հարկային օրենսգրքի» փոփոխություններով առաջարկում էր 2025 թվականի՝ 75, իսկ 2026 թվականից արդեն 100 տոկոսով անշարժ գույքի հարկումը կիրառել միայն 200 մլն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի մասով, իսկ մինչև 200 մլն դրամ հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկը 2025 թվականին և հետագա տարիներին հաշվարկել գումարի միայն 75 տոկոսի չափով։
«Մեր կողմից կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ մինչև 25 միլիոն դրամ արժեք ունեցող բնակարաններն ու անհատական բնակելի տները կազմում են բոլոր բնակարանների և բնակելի տների ավելի քան 85 տոկոսը։ Այս խմբի գույքային միավորումների մասով ամբողջ 6 տարվա ժամանակահատվածում հարկային բեռի բարձրացումն էական չէ և կարող է կազմել մինչև 20 հազար դրամ։ 25-ից 200 միլիոն դրամ արժեք ունեցող բնակարանների և բնակելի տների կշիռը կազմում է 11 տոկոս։ Այս խմբի մասով հարկի
միջին կշռված աճը կազմում է տարեկան 50 հազար դրամ։ Հատկանշական է այն, որ մինչև 2025 թվականը ներառյալ այդ աճերի 85 տոկոսն արդեն իրականացված է լինելու, հետևաբար նախագծի ընդունումը շատ փոքր ազդեցություն կունենա հարկային բեռի վրա»,- ասաց Հովհաննիսյանը։
Ֆինանսների նախարարը նշեց, որ անշարժ գույքի հարկը սեփականության հարկ է և պետք է ուղղակիորեն կախված լինի գույքի արժեքից, այլ ոչ թե գույքի տիրոջ սոցիալական կարգավիճակից։ Բացի այդ, նման փոփոխությունը հակասում է վերջին տարիների հարկային բարեփոխումների տրամաբանությանը, որոնց շրջանակում ուղղակի հարկերը նվազել են, իսկ գույքային հարկերը վերանայվել են՝ արդար բեռ բաշխելու համար։
«Հատկանշական է, որ մինչև նոր համակարգի ներդրումը, գործող գույքային հարկերի ամբողջ ներուժը կազմում էր համախառն ներքին արդյունքի 0,2 տոկոսը, ինչը չափազանց ցածր ցուցանիշ է համադրելի երկրների համեմատությամբ։ Այստեղ պետք է նշեմ, որ տարբեր երկրներում այդ ցուցանիշը հասնում է 3 տոկոսի։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկի ներուժը՝ որպես համայնքային բյուջեների եկամտի կարևոր աղբյուր, գործնականում գրեթե չի օգտագործվել։
Հատկանշական է նաև այն, որ համակարգի վերանայման արդյունքում 2026 թվականի անշարժ գույքի հարկի ներուժը 2026 թվականի կանխատեսվող ՀՆԱ-ի նկատմամբ գնահատվում է շուրջ 0.35 տոկոս։ Ավելացումը լինելու է 0,15 տոկոսային կետով, ինչը նշանակում է, որ անշարժ գույքի հարկի բեռը դեռ շարունակում է ցածր լինել»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Նախարարը հավելեց, որ օրենքն արդեն իսկ նախատեսում է սոցիալական խմբերի աջակցություն․ համայնքային իշխանությունները կարող են սահմանել արտոնություններ կամ կատարել վճարումներ սոցիալապես անապահով քաղաքացիների փոխարեն։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ այս հարցում ՀՀ կառավարությունը պինդ կանգնելու է այս որոշման վրա։
«Չի լինելու ոչ մի կոմպրոմիս։ Այս որոշմամբ մենք ստիպում ենք, որ համայնքը զարգանա, ստիպում ենք, որ գյուղը ցեխի միջից դուրս գա։ Ստիպում ենք, բայց մյուս կողմից էլ՝ սուբվենցիաներով ֆինանսավորում ենք, ինչպես նաև տրամադրում ենք դոտացիաներ։ Մարդուն ցեխի միջից հանելով` մենք մարդուն տալիս ենք ազատություն` որոշելու և շարժվելու, իսկ մեր գործընկերներն ուզում են, որ մարդը մնա ցեխի մեջ, որ երկնային բրինձը, տուկի թելը, անորակ սալյարկան երկնքից անընդհատ թափվեն իր վրա։
Ոչ, ժողովուրդ ջան, երկնքից ոչ մի բան այլևս չի թափվելու, թափվելու է պետական և տեղական բյուջեներից ու չի թափվելու, այլ կոնկրետ որոշումներով համայնքի և քաղաքացիների ծախսվելու է ձեր կոնկրետ կարիքները հոգալու համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա գույքահարկը համեմատեց քաղաքացիների «լատարեյ» խաղալու հետ՝ նշելով. ««Լատարեյ» են խաղում, այսօր մեկի բակի դիմացն են բարեկարգելու, մյուս օրը՝ կողքի փողոցն են բարեկարգելու, այն մյուս օրը՝ երրորդը, չորրորդ օրը՝ զբոսայգին, հինգերորդ օրը՝ շատրվանը, վեցերորդ օրը՝ մանկապարտեզը, յոթերորդ օրը՝ գրունտային ճանապարհը և այլն:
Մեր ընդդիմախոսները և չարախոսները ասում են՝ սա թույլ կառավարություն է, թույլ իշխանություն է: Թույլ կառավարությունը չի կարող այսպիսի որոշումներ կայացնել, ուղղակի չի կարող։ Մենք կայացնում ենք այնպիսի որոշումներ, որ 30 տարի անընդհատ քննարկվել է տեսականորեն ու չի կայացվել։ Ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նախագիծը, հանեք արխիվը, տեսեք որ թվից է կառավարության և Ազգային ժողովի օրակարգում։ Այդ օրենքը առաջին ընթերցմամբ ընդունվել է 2007-2008 թվերի կողմերը և երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել։
Ինչի՞, որովհետև Հայաստանում «ուժեղ» իշխանություն է եղել։ Այդ թվում նույն պատճառով, որովհետև ձեռ չի տվել ցեխի միջից հանել։ Բա որ ցեխի միջից հանեին, ո՞նց էին ընտրակաշառք բաժանելու գրավիլի, ասֆալտի, չգիտեմ ինչի տեսքով»,- հայտարարեց Փաշինյանը:
Մոտ 40 րոպե քննարկումից հետո ՀՀ կառավարությունը դեմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների նախագծին։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով` Հայաստանում գույքահարկի նոր սանդղակով հարկվելու է 432.000 բնակարան։ Դրանցից 402.000-ը կվճարեն տարեկան մինչև 30.000 դրամ գույքահարկ, մնացած 30.000-ը կվճարեն բազմապատիկ աճած գույքահարկ, իսկ հին սանդղակով հարկվող մյուս բնակֆոնդի տարեկան գույքահարկը չի գերազանցի 5000 դրամը։
2026 թվականին, երբ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, գույքահարկից գոյացող ընդհանուր հարկային մուտքերը կկազմեն ավելի քան 40 մլրդ դրամ՝ ներկայիս 9 մլրդի փոխարեն։