
Մանիլայում ՄՔԴ-ի հրամանով ձերբակալել են Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեին

Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Միջազգային քրեական դատարանի հրամանով ձերբակալվել է Մանիլայի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։
«Վաղ առավոտյան Մանիլայի Ինտերպոլը ՄՔԴ-ից ստացել է ձերբակալման հրամանի պաշտոնական պատճենը։ Ներկայում նա (Դուտերտեն) գտնվում է կալանքի տակ», – ասվում է Դուտերտեի գրասենյակի հայտարարության մեջ:
Դատարանը հետաքննում է ենթադրվող հանցագործությունները՝ կապված թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված գործողությունների հետ, որոնք Դուտերտեն ղեկավարել է պետության ղեկավարի պաշտոնում եղած ժամանակ (2016-2022 թթ.)։
Նա բազմիցս թմրավաճառների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի կոչ է արել և պնդել, որ անձամբ երեք թմրավաճառի է սպանել: Դուտերտեի կողմից թմրանյութերի դեմ հայտարարված պատերազմի հետևանքով Ֆիլիպիններում կարող են զոհված լինել հազարավոր մարդիկ, այդ թվում՝ արտադատական հաշվեհարդարների պատճառով։
ՄՔԴ-ն 79-ամյա նախկին նախագահին կասկածում է մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ բռնաճնշումների պատճառով, որոնց ընթացքում, ըստ իրավապաշտպանների, զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ նրանք, ում կապը թմրանյութերի հետ ապացուցված չի եղել։
Նախկին նախագահը Cathay Pacific չվերթով Մանիլա է ժամանել Հոնկոնգից, որտեղ գտնվում էր կարճատև այցով։ Դուտերտեն ավելի վաղ ասել էր, որ պատրաստ է դատարանի առաջ կանգնել: