
«Վանաձորի քաղաքապետի պատուհանից ամենալավն էր երևում՝ ով է բերել Նիկոլին». Մամիկոն Ասլանյան
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում խոսեց Գյումրիում ու Փարաքարում սպասվող ընտրություններից։
Նրա բնորոշմամբ, նույն իրավական, բարոյական, քաղաքական ներկայիս խառնիճաղանջությունը և վակխանալիան տիրում էր նաև 2021 թվականի Վանաձորի ընտրություններից առաջ։
«Մեր քաղաքական ուժերը կամ անհատները պիտի ուղղակի կենտրոնանան Գյումրու խնդիրների վրա, գյումրեցիների հետ աշխատեն և ուշադրություն չդարձնեն, թե ինչ մտքեր են հնչում։ Մանյովրներ են անում Գյումրու ընտրությունները հանգեցնելու դարակազմիկ մի ինչ-որ ջրբաժանի։ Ուղղակի հերթական անգամ իրենք ուզում են ցանկացած մանիպուլյատիվ, անբարոյական, օրենքին հակասող միջոցներով հասնել իրենց պատկերացրած արդյունքին, որը, կարծում եմ՝ չի ստացվելու։ Հանրապետության որևէ մեծ քաղաքում, որտեղ կա այլընտրանք, մրցակցություն, իրենք չեն կարող հաղթանակ տոնել»,- նշեց Մամիկոն Ասլանյանը։
Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի գործին, մասնավորապես՝ խափանման միջոցի փոփոխությանը, Մամիկոն Ասլանյանն ասաց, որ այսօրվա իշխանությունների գործողություններում տրամաբանություն փնտրելն անշնորհակալ գործ է։
«Չեմ բացառում, որ տնային կալանքի ռեժիմը կարող են և՛ մեղացնել, և՛ թողնել վարչական հսկողություն, կարող է լինել նաև ավելի անտրամաբանական՝ թողնեն տնային կալանքը։ Այնպես որ՝ այս մարդկանց նպատակը ոչ թե քրեական արդարադատություն իրականացնելն է, այլ հակառակորդներին ցանկացած միջոցով մեկուսացնել, նրանց ձայնը լսելի չդարձնել»,- շեշտեց նա։
Հարցին՝ արդյոք գիտի՞, թե ով է իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց.
«Վանաձորի համայնքապետարանի պատուհանից ամենալավն է դա երևացել, թե ով է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության։ Ես գուցե մի օր դրա մասին կխոսեմ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում