
«Ցավոք, հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ դրանից ուրախանում ենք». Աբգար Պողոսյան

«Իրավական առումով այլ բան, այլ ակնկալիք չէր կարող լինել։ Բայց որ ասեմ՝ ամբողջությամբ սպասելի էր՝ ոչ, որովհետև մենք շատ ենք տեսել, որ ինչն իրավական առումով ակնկալելի էր ու հենց այդպես պետք է լիներ՝ չի եղել»։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց արցախցի 70-ամյա գիտնական Ղարիբ Բաբայանի շահերի պաշտպան Աբգար Պողոսյանը՝ խոսելով Վերաքննիչ դատարանի որոշման մասին, որով արձանագրվել էր, որ Ղարիբ Բաբայանին վերագրվող արարքում հիմնավոր կասկած չկա։
Փաստաբանը նշեց՝ հաշվի առնելով ներկայիս ընդհանուր իրավիճակը, դատարանի որոշումն իրենց զարմացրել է։
Հարցին, թե հնարավո՞ր է՝ այս որոշումը նախադեպային լինի նմանատիպ գործերի համար, Աբգար Պողոսյանը պատասխանեց.
«Պետք է ասեմ, որ այս դեպքում ոչ թե սահմանափակումներն են վերացվել, այլ արձանագրվել է, որ վարույթում առկա չէ հիմնավոր կասկած, և դրա հետևանքը պետք է լինի սահմանափակումների վերացումը։ Դատարանն անգամ այս չնչին առնչություների մասով նախաքննության այս փուլում արձանագրել է, որ այնտեղ ատելության, թշնամանքի խոսք չկա։
Ինչ վերաբերում է այլ վարույթներին, ապա սովորաբար վարույթները, մեղադրանքները տարբեր են։ Ամեն դեպքում սա լավ ազդակ էր, ակնհայտ է, որ Ղարիբ Բաբայանի խոսքն առողջ քննադատությունն էր, որի համար քննչական մարմինն անգամ կալանքի միջնորդություն էր ներկայացրել, բայց փառք Աստծո, դա տեղի չունեցավ»։
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Ղարիբ Բաբայանի հետ զրուցել է, նա Վերաքննիչ դատարանի որոշումից հետո կրկին շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, որոնք իր կողքին են եղել, նաև լրատվամիջոցներին, որոնք գործընթացն ակտիվ լուսաբանեցին, ինչն էլ մեծ ազդեցություն ունեցավ։
«Պարոն Բաբայանի համար, բնականաբար, այս որոշումը հաճելի էր, որովհետև ամեն անգամ չէ, որ մեր երկրում տեղի է ունենում արդարադատություն։ Ցավոք, մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ արդարադատության իրականացումից ուրախանում ենք, այսինքն՝ այն, ինչը պետք է լիներ նորմալ, մեզ համար ուրախալի է»,- ընդգծեց Աբգար Պողոսյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ի երեկոյան միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ 70-ամյա արցախցի գիտնական Ղարիբ Բաբայանին կալանավորելու վերաբերյալ, քանի որ նա օրերս հրապարակել էր Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգող ադրբեջանցիների մասնակցությամբ տեսանյութ, որոնք եղել են Իրանի քաղաքացիներ։ Մի քանի ժամ տևած քննությունից հետո դատարանը որոշեց չկալանավորել Ղարիբ Բաբայանին՝ բավարարվելով միայն վարչական վերահսկողությամբ։