
«Եթե Ռուբեն Վարդանյանը գտնվելով Բաքվի բանտերում՝ չի հուսահատվում, մեր կողմից շանտղություն կլինի, եթե հուսահատություն տարածենք». Էդուարդ Շարմազանով
«Բարձր եմ գնահատում Ռուբեն Վարդանյանի խիզախությունը, կներեք, նույնիսկ հերոսական պահվածքը, նրա գաղափարի հերոս լինելու հանգամանքը և իր կյանքի գլխավոր նպատակին հավատարիմ մնալը։ Սա վերաբերում է ոչ միայն Ռուբեն Վարդանյանին, նաև Բակո Սահակյանին, որի ցուցմունքներից տեսանք, որ արժանապատվության պահեր է ապրում, քանի որ Արցախի պայքարի մասնակիցներից մեկն է եղել։ Նա նշել էր, որ որևէ պետության դատարան չի կարող դատել Արցախի ինքնորոշման իրավունքը»,- այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի այսօրվա աուդիոուղերձից, որը հրապարակել էր նրա ընտանիքը։
Նա խոսեց նաև Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի ցուցմունքների մասին, որտեղ նրանք չեն հերքել, որ պայքարել են Արցախի անվտանգության համար։
Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ հենց այդ մարդիկ պետք է լինեն մեր հերոսները, ապագա սերունդները նրանց օրինակով պետք է դաստիարակվեն։
«Աստված տա՝ համախմբվենք, մենք Արցախ ենք կորցրել, բայց դեռ չենք կարողացել համախմբվել։ Եթե Ռուբեն Վարդանյանը գտնվելով Բաքվի բանտերում՝ չի հուսահատվում, պայքարի ու հուսադրման կոչեր է անում, մեր կողմից առնվազն շանտղություն կլինի, եթե հուսահատություն տարածենք։ Այդ մարդիկ իրենց վառ կերպարով ցույց են տալիս, որ հայկական ոգին չեն կարող սպանել»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում