
Կապ չեմ տեսնում Եղիշե Կիրակոսյանի ազատման դիմումի և միջազգային հայցերը հետ կանչելու միջև. Խանդանյան
Կապ չեմ տեսնում ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու և Բաքվի դեմ միջազգային դատերից հրաժարվելու միջև. այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին՝ Եղիշե Կիրակոսյանի հեռացումը կապ ունի՞ Բաքվի դեմ հայցերից հրաժարվելու հետ:
Լրագրողի դիտարկմանը, թե Եղիշե Կիրակոսյանը հակադիր կարծիք է հայտնել և կարծում է, որ խաղաղության գործընթացին այդ հայցերն ու դրանց հետապնդելը դեմ չէ, Խանդանյանն ասաց.
«Եղիշե Կիրակոսյանի աշխատանքից ազատման վերաբերյալ կարող եմ մեկանաբանել այնքանով, որքանով մեկնաբանել է վարչապետի աշխատակազմը, որովհետև ես էլ հավելյալ տեղեկատվության չեմ տիրապետում բացի այն, որ սեփական դիմումի համաձայն է ազատվել, և որ դա ամիսների քննարկիումների արդյունքում է տեղի ունեցել»:
Խանդանյանն ընդգծեց, որ ամենևին չէր ցանկանա առաջին և երկրորդ հարցերը կապել իրար հետ, որովհետև դրանք առնչություն չունեն: «Եթե նա հետագայում կցանկանա մեկնաբանություն տալ, իհարկե, հետաքրքիր կլինի լսել, բայց ես չեմ կարծում այստեղ կապ է պետք փնտրել»,- շեշտեց նա:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերջին՝ 12-րդ խմբագրությանը, որը Ադրբեջանն ուղարկել է, Խանդանյանն ասաց. «Ինչպես արդեն նշվել է, երկու հոդվածների վերաբերյալ դեռևս կա տարբերություններ դիրքորոշումներում: Այն առաջարկները, որոնք Հայաստանն ուղարկել էր, Ադրբեջանն ամբողջությամբ կամ մասնակի չէր համաձայնել, տեքստի մասին մեկնաբանություններ անել չեմ կարող: Նոր առաջարկները հիմա քննարկվում են և հնարավորին սեղմ ժամկետում Հայաստանն արդեն սեփական առաջարկով հանդես կգա և կպատասխանի Ադրբեջանին»: