
Խոշտանգում են, օգտագործում արգելված միջոցներ. մենք անում ենք այն, ինչ հնարավոր է. Փաշինյան
«Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում ես ասել եմ, որ մենք ունենք ինֆորմացիա, և այդ ինֆորմացիան հիմա արդեն երևում է ակնհայտ, որ օգտագործվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ, նաև ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԱԳՆ-ի, հանդես է եկել հստակ գնահատականով, մենք շարունակելու ենք մեր ջանքերն այդ խնդիրը հասցեագրելու ուղղությամբ»,- ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ դիվանագիտությունն առաջնորդվում է չվնասելու սկզբունքով. «Բնական հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ են դիվագիտական ջանքերը, ինչո՞ւ չեն երևում դրանք, ես ի պատասխան այդ հարցի՝ միշտ բերում եմ 2023թ. դեկտեմբերի օրինակը, երբ մեր 32 գերեվարված հայրենակիցներ վերադարձան ՀՀ, և մինչև պաշտոնական հայտարարության վերջին վայրկյանը որևէ մանրամասն չենք բացահայտել այդ թվում՝ այն պատճառով, որ համոզված ենք եղել՝ նման մանրամասների բացահայտումը նաև կզրոյացնի նախկինում գործադրված ջանքերը և դրանց արդյունավետ լինելու հավանականությունը: Այդ առումով էլի ուզում եմ ասել՝ մեր գնահատականը հստակ է, որ արգելված միջոցներով, այդ թվում՝ ֆիզիկական, հոգեբանական ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով՝ այլ արգելված միջոցներով տեղի է ունենում արգելված ներգործություն, և դա անընդունելի է մեզ համար»:
Պատգամավոր Գեղամ Նազարյանը նկատեց՝ հասկանալի է, որ ադրբեջանական կողմն այդ տեսանյութերը, լուսանկարները երբ հրապարակում է, միտում ունի հոգեբանական ազդեցություն ունենալ նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա, բայց միևնույն ժամանակ, նա շեշտեց, որ այդ կադրերի հրապարակումն ավելի է հեշտացնում դիվանագիտության համար միջազգային հանրությանը բացատրել, որ մարդկության դեմ հանցագործություն է տեղի ունենում:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե եթե պատգամավորի թեզը ճիշտ է, եթե այդ տեսարաններն օգտագործվում են նաև մեր հանրության վրա հոգեբանական ազդեցություն ունենալու համար, և դա ստացվում է, նշանակում է, որ իրենք իրենց խնդիրը կատարում են. «Ես հասկանում եմ, որ իրադրությունը շատ նուրբ է, կարող է լինել էմոցիոնալ, բայց եթե այդ դիտանկյունից նայենք, դա էլ պետք է հասկանանք՝ էդ դեպքում փաստորեն իրենք այդ խնդիրը դնում են, այդ խնդիրը լուծում են, մենք էլ այդ խնդիրը որոշակիորեն նաև այդ տեսանկյունից պետք է ընկալենք: Ընդգծեմ, որ իմ պատասխանի այս երկրորդ հատվածն առաջին հատվածի պատասխանի մեջ որևէ բան իհարկե չի փոխում»: