
Իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինեն մոտ օրերս. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որ էսկալացիայի առիթ ու պատճառ չլինի։
«Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ու իր հանձն առած պարտավորություններին, համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ չկա ու պետք է չլինի։
«Մենք պետք է միշտ ելնենք ամենաբացասական կանխավարկածից, որ յուրաքանչյուր պահի կարող է յուրաքանչյուր բան տեղի ունենա, պետք է որևէ բան չբացառենք, վստահ չլինենք, որ ամեն ինչ այսպես է լինելու, այնպես է լինելու»,- նշեց Սիմոնյանը։
Ըստ նրա՝ իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինեն մոտ օրերս։
«Սա գործընթաց է, որը չի դադարում, կարող է վարչապետը, պայմանական, գա, նոր հայտարարություն ունի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հոդված է հրապարակել, որտեղ նշում է, որ «Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար» և «մնում է Ադրբեջանը ասի՝ այո»։