
Հայտնի է, թե Սպերցյանը որքան բաց կթողնի

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն մեկ ամիս: Այս մասին հայտնում է «Матч ТВ»-ն:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 19-րդ տուրի տնային խաղում «Կրասնոդարը» ոչ-ոքի է խաղացել Սամարայի «Կռիլյա Սովետովի» հետ՝ 1:1: Սպերցյանը վնասվածքի պատճառով փոխարինվել է երկրորդ խաղակեսում՝ խաղադաշտը լքելով էլեկտրոմոբիլով։ Այդուհանդերձ, խաղից հետո ֆուտբոլիստը առանց արտաքին օգնության լքել է մարզադաշտը՝ նկատելի կաղալով։
Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ Սպերցյանի վնասվածքը լուրջ է։ Ֆուտբոլիստը բաց կթողնի առնվազն մեկ ամիս, հնարավոր է նաև ավելին։ Վերականգնման պաշտոնական ժամկետները կհայտարարվեն մեկ շաբաթվա ընթացքում։
Մարտին Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի շրջանակում երկու հանդիպում կանցկացնի Վրաստանի հետ, իսկ «Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնությունում կխաղա «Պարի ՆՆ»-ի, «Ռոստովի» և «Ֆակելի», Ռուսաստանի գավաթում՝ «Ախմատի» հետ։