Ավինյանի հրաժարական տալու ժամանակն է. էդ ձեր ասած եվրոպաներում նման խայտառակ վիճակի համար պաշտոնյաները հրաժարականներ են տալիս

Տնտեսագետ Արեգ Հարությունյանը գրել է.

«Երևանի կոլապսի 2-րդ օրն է մոտենում ավարտին։ Ցավոք, Ավինյանի և նրա թիմի հրաժարականի պահանջ հանրային դաշտում չի երևում։ Բայց եթե Հայաստանում առկա լիներ պաշտոնյաների պատասխանատվության մշակույթը, ապա նա ինքը պետք է արդեն հրաժարական տված լիներ։

Իսկ հրաժարական պահանջելու տեղ մենք շատ ունենք։ Սա առաջին նմանատիպ դեպքը չէ, երբ նշված անձանց գործողությունների կամ անգործության պատճառով երևանցիները կանգնում են խնդիրների առաջ։ Հիշենք անցած տարվա անձրևների հետևանքները, հիշենք տրանսպորտի չարեփոխումները։

Որոշեցի հասկանալ, թե արդյոք աշխարհում նման դեպքերում ի՞նչ են անում պաշտոնյաները։ Պարզվեց՝ նման օրինակներ կան, որոնց հիմա կանդրադառնամ։

Կարդացեք նաև

2010թ․ Շոտլանդիայի տրանսպորտի նախարարը հրաժարական էր տվել՝ ձնամաքրման աշխատանքները տապալելու մասին հայտարարություններից հետո։ Հրաժարականից հետո նա հայտարարել էր, որ թեև շատ բան արվել էր, բայց կարող էին ավելի էֆեկտիվ աշխատել։

Ձյան տեղումներով առաջատար Ռուսաստանում էլ ամեն տարի եղել ու լինում են նման դեպքեր։ Օրինակ՝ 2021 թ․ Բիրոբիջանի քաղաքապետը նույնպես հրաժարական էր տվել ձնամաքրումը տապալելու համար։ Տրանսպորտը չէր կարողանում երթևեկել քաղաքում, մաքրող տեխնիկան չէր բավականացնում, իսկ նրա ենթակաները խաբում էին, թե բոլոր բակերը մաքրված են, ինչն իրականությանը չէր համապատասխանում։ [2] Ծանոթ իրավիճակ է, չէ՞

Վստահ եմ՝ նմանատիպ շատ այլ օրինակներ կարելի է գտնել, աչքովս Ռուսաստանի մի քանի այլ քաղաքների օրինակներ էին ընկել, տեսել եմ նաև օրինակ Ուկրաինայից [3]։ Բոլորի դեպքում արդյունքը մեկն է եղել՝ մեղավոր պաշտոնյայի հրաժարական։
Այնպես որ Ավինյանին պետք է հասկացնենք, որ հրաժարական տալու ժամանակն է։
#ավիրյան #երևան»,-գրել է նա:

Նախօրեին Իսաբեկյան 12 հասցեում «Կամազը» չէր կարողացել արգելակել ու բախվել էր տարածքում կայանած 6 մեքենայի, բախման հետևանքո մի կին է վնասվածքներ ստացել: Ինչպես հայտնում են 5-րդ ալիքի ռեպորտաժում կնոջն այսօր վիրահատել են, նա դեռ հիվանդանոցում է:

Ինչպես պատմել են ականատեսները՝ աղով ու ավազով բարձված բեռնատարն է եղել վթարի պատճառը. «Աղի ավտոն սառած էր գետինը, փախավ, եկավ, երկու ավտո էնտեղ է վնասել, զաբոռն էլ հետը, 4 ավտո էլ էստեղ, սկորին չէր կարողանում բարձրանալ»:

Բեռնատարը հայտնվել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանին պատկանող եռահարկ տան տարածքում, որ այնտեղ աղ ու ավազ շաղ տար:

Ականատեսները պնդել են՝ բեռնատարի վարորդին ստիպել են աղ հասցնել Ավինյանների բակ, հակառակ դեպքում ամենաանփորձ վարորդն էլ կհասկանար՝ վթարն անխուսափելի է:

«Սարսափելի էր, ոնց կարելի էր էս փողոցով էս ծանր մեքենան իջնի»,- պատմել է ականատեսը:

Բեռնատարի 70-ամյա վարորդը ասել է, որ Կամազը քաղաքապետարանի հաշվեկշռում է գրանցված, պետական մեքենա է:

Ականատեսները պատմում են, որ միջադեպը լուռումունջ կազմակերպելու համար դեպքի վայր է շտապել նաև Տիգրան Ավինյանը:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը անդրադառնալով խնդրին, գրել է.

«Ասում եք՝ «ուզում ենք Եվրոպա գնալ»։ Բայց էդ ձեր ասած եվրոպաներում այսպիսի խայտառակ վիճակի համար պաշտոնյաները հրաժարականներ են տալիս։ Տե՛ս Արեգ Հարությունյանի վերոնշյալ գրառումը:

Մանավանդ, երբ պարզվում է, որ այն ժամանակ, երբ քաղաքում կոլապս էր ու տեխնիկա չկար, քաղաքապետը հատուկ բեռնատար է ուղարկում իր տան դիմացը մաքրելու։ Իսկ այդ բեռնատարն էլ 3 կայանած ավտո է ջարդուխուրդ անում, ու մեջը նստած տարեց կնոջը ծանր վիրավորում։ (Այո-այո, երեկ որ վիդեոն տեսել եք Նորքից, հենց դա էր)։

Ընդհանրապես, Հայաստանում քաղաքական մշակույթում հրաժարական տալը պիտի նորմա դառնա։ Հուսով եմ, որ ավագանին ասելիք կունենա այս կապակցությամբ»,-գրել է Կ. Վրթանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս