Մարդիկ ուղղակի ասում են՝ եղբա՛յր, իշխանություն ես, ունես լծակներ, եթե ունես որևէ տեղեկատվություն՝ ձեռնարկեք համապատասխան գործողություններ. Քրիստինե Վարդանյան

Փետրվարի 12-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանը թեժ էր անցել այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին պարզ հարց էր ուղղել՝ հետաքրքրվելով՝ «Ալիևի հետ բանակցություններում, այսպես կոչված, ռևանշիզմի դեմ պայքարի կետ համաձայնացրե՞լ է, թե՞ ոչ», հիշեցնելով նաև, որ  հունվարին Երևանի կենտրոնում օտարերկրացիները կատարել են Արցախի օկուպացիային նվիրված երգ, ինչից հետո պատկան մարմինները փոխանակ զբաղվեին տեղի ունեցածով, փորձում են կալանավորել արցախցու, ով տարածել էր այդ տեսանյութը։

Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի դեմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ։

«Որ Հայաստանի Կառավարությունն օտար տեղերից է կառավարվում, գրում-տալիս են, և այլն։ Դուք ուղղակի չգիտեք, թե ինչի եք մասնակցում, որ, այո, այդ թվում՝ ձեր գործունեության շնորհիվ շատ մարդիկ Հայաստանն ի ցույց են դնում՝ որպես ռևանշիստության օջախ։ Ձեր խմբակցությունից հնչում են նախադասություններ, ես ձեզ չեմ մեղադրում, դուք չգիտեք՝ այդ նախադասությունները որտեղ ու ինչ ձևով են ձևակերպվել։ Ավելին ասեմ՝ այս ակցիան որևէ կապ չունի Ադրբեջանի հետ, դա Իրան-Հայաստան հարաբերությունները փչացնելու համար է, այդ երգի կատարողներն Իրանի քաղաքացիներ են։ Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ ձեր հայտնի շրջանակներից այդ մարդկանց վճարել են, տարել-կանգնեցրել են՝ երգել են տվել, նկարել են տվել ու գցել են համացանց, որ պրոբլեմ առաջացնեն հայ-իրանական հարաբերություններում։

Ընդդիմությունը ցնցվում է, թող ցնցվի, իր բեմադրությունն է, թող ցնցվի, բայց նման տափակ բաներից հանրությունը չպետք է ցնցվի»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Դրանից հետո հենց ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմել էր ԱԱԾ տնօրենին՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց ԱԺ ամբիոնից, իսկ հաջորդ օրը պատգամավորն ԱԱԾ էր ներկայացրել հանցագործության մասին հաղորդում։

Քրիստինե Վարդանյանի կարծիքով՝ նմանօրինակ հայտարարությունների պարագայում, երբ, օրինակ, արդեն 10 կամ 11-րդ անգամ է արվում, գուցե ինչ-որ շերտերի մոտ դրանք լուրջ ընդունվեն, սակայն, երբ արդեն լրանում է օրվա իշխանության կառավարման 7-րդ տարին, երկրի ղեկավարի նման հայտարարություններն արդեն ծիծաղ են առաջացնում։

«Այս ամենը մենք կարող ենք տեսնել հանրային դաշտում, անգամ մեկնաբանությունների դաշտում. մարդիկ ուղղակի ասում են՝ եղբայր, իշխանություն ես, ունես լծակներ, եթե ունեք որևէ տեղեկատվություն՝ ձեռնարկեք համապատասխան գործողություններ։ Նման հայտարարությունները գնալով ավելի քիչ մարդկանց մոտ են լուրջ ընդունվում»,- 168.am հետ զրույցում նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով՝ Գեղամ Մանուկյանի կողմից ԱԱԾ համապատասխան դիմում ներկայացնելուն որևէ գործողություն չի հետևել, որովհետև փաստարկ չկա, ինչը ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզերի կեղծ լինելը, դրանք մերկապարանոց հայտարարություններ են։

«Ուժայինները պարբերաբար ինչ-որ ահասարսուռ տեսանյութեր էին հրապարակում, գործողություններին ինչ-որ անուններ դնում, դրանք որևէ հետևանք չեն ունենում։ Մենք քանի՞ գործ ունենք, որ գնացել են դատարան, դատարանի օրինական վճռով մեղավոր են ճանաչվել այն արարքների համար, որոնց մեջ իշխանությունը մեղադրում է իր քաղաքական հակառակորդներին, ինքս, օրինակ, նման գործերից տեղեկություն չունեմ։ Կրկնում եմ՝ այս հայտարարությունները նպատակ ունեն թիրախավորելու իրենց քաղաքական  հակառակորդներին։ Սա ստանդարտ գործիքակազմ է՝ թույլ չտալու մոբիլիզացիա, վստահության հիմքերը խարխլելու, դեմոնիզացնելու։ Սա գործիքակազմ է, որն իրականում բոլոր բռնապետական երկրներում կիրառվել է։ Բայց այս գործիքակազմը չափազանց երկար ու անիմաստ օգտագործելու դեպքում դառնում է անպիտան, մենք այս դեպքում դրան ենք ականատես լինում»,- ընդգծեց Քրիստինե Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս