Փաստաթուղթ չի եղել. Քոչարյանը՝ Մեղրին հանձնելու մեղադրանքների մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա ասուլիսին նշեց, որ Մեղրիի թեման մշտապես փորձել են օգտագործել իր դեմ և վարկաբեկելու, կասկածներ առաջացնելու համար շարունակելու են օգտագործել. «Դա անելու են այնքան ժամանակ, ինչքան ես լինեմ քաղաքականության մեջ, այնքան ժամանակ, ինչքան ես ունենամ լսարան, այդ թեման շահարկվելու է: Ես միգուցե, թեման ամբողջական փակելու համար… Մենք Ալիևի հետ  մի քանի անգամ հանդիպել ենք մինչև այդ ամերիկյան պատվիրակությունը: Ես ոչ մեկին չեմ պատմել, կարևորը ինձ համար, որ ինքը սկսի այդ թեման քննարկել ամերիկացիների, ռուսների, ֆրանսիացիների հետ: Ես սա համարում էի շրջադարձային մի երևույթ, որը մեր շահերից է բխում:

Մի դրվագ պատմեմ. Մենակ ենք, խոսում ենք, ինքն ասում է՝ ես այսպիսի քայլ եմ անում, Մեղրիի հարցով ձեր խնդիրն ինչո՞ւմն է: Ասում եմ՝ առաջին խնդիրը Պարսկաստանի հետ սահմանն է: Մենք 4 երկրի հետ սահման ունենք, մեկի հետ պատերազմի մեջ ենք, մյուսի հետ մեծ պրոբլեմներ ունենք, չենք կարող այդ ամենը կորցնել, արի մտածենք, թե ինչ տարբերակ կարող ենք գտնել՝ հարցը լուծելով, բայց Իրանի հետ սահմանը չկորցնելով: Ասի՝ քարտեզը նայենք, օրինակ՝ Սադարակում դուք եք մեզ տարածք տալիս, և մենք Իրանի հետ սահման ենք ունենում Սադարակով՝ ցամաքային սահման: Քարտեզին նայես, ասում է՝ բա մենք սահման ենք կորցնում Թուրքիայի հետ: Ասի՝ մի փոքր սահման է, 7-8 կմ է, դա ի՞նչ է: Ասաց՝ չենք կարող, կարևոր է մեզ համար: Ասի՝ հիմա դուք իմ տեղը պատասխանեցիք ձեզ, եթե ձեզ համար այդ կարևորությունը ունի Թուրքիայի հետ սահմանը, նաև մեզ համար չափազանց մեծ կարևորություն ունի Իրանի հետ սահմանը»:

Ռոբերտ Քոչարյանը նկատեց՝ բանակցությունները այդպես են լինում. «Ոչ թե ասում ես՝ չեմ բանակցում, անընդունելի է, գնա: Այն, ինչ 2018թ. արել է ՀՀ-ն, դուք ո՞վ եք, այս հարիֆներդ եկել եք, 25 տարի է՝ ինչ-որ բան եք բանակցում, ես եկել եմ, կինոյի տղեն եմ, բանակցում եմ իմ ուզած կետից: Արեց, ի՞նչ ստացավ: Դու բերում ես նրան, որ այս տարբերակը պետք է ունենա այնպիսի լուծում, որն ընդունելի, ընկալելի է նաև հակառակորդի համար: Վերջը, կանգնեցինք այդ սուվերեն ճանապարհի վրա, որի մի զգալի մասը ենթադրում էր թունել էստակադա: Պայմանը միակն էր՝ ՀՀ տարածքի անընդհատությունը չպետք է կտրվի: Եվ այդ ճանապարհի և՛ օդը, և՛ ընդերքը, և՛ հողը մնում էր ՀՀ-ին: Միայն ճանապարհի օգտագործումն էր փոխանցվում Ադրբեջանին: Դիվանագիտության արվեստը հենց սրա մեջ է: Հիմա, փոխանակ այս ամենը բերեք՝ որպես մաստեր կլաս ներկայացնեք, թե ոնց կարելի էր այս կետից սկսել, այս կետին հասցնել, կանգնում եք, չգիտեմ՝ ինչ դաշտ եք մտնում»:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ «Ազատության» հրապարակած փաստաթղթերը իրեն միայն օգուտ են տվել:

Կարդացեք նաև

Նա շեշտեց՝ փաստաթուղթ չի եղել, որում կարող էր ասել՝ այո կամ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս