
Ավետիք Իշխանյանը մեծություն էր, ճիշտ իրավապաշտպան էր, հայ էր. Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մի անգամ կանչել են հարցազրույցի: Մինչ սկսելը հարցազրուցավարը ճշտում է.
-Ձեզ ներկայացնելիս նշում ենք իրավապաշտպան, չէ:
-Դե, կարծում եմ` այո,- մի փոքր մտածելուց հետո պատասխանում եմ ես. չէ որ վերջին մի քանի տարիներին ժամանակի զգալի մասը փորձել եմ հենց իրավապաշտպանությանը հատկացնել:
Դուրս եմ գալիս տաղավարից: Ինքնակոչ լինելու ծանր զգացողությունն է ճնշում: Էրնեկ քեզ, էլի. Ավետիք Իշխանյանն էլ է իրավապաշտպան, դու էլ ես իրավապաշտպան:
Մեր օրերում թացն ու չորը շատ են խառնվում իրար: Նախկինում այս անարդարության դեմ ինչ-որ միջոց գտել էին` մեծ ուղի անցածներին կոչում էին «վաստակավոր» կամ «ժողովրդական»` զատելու համար նորեկներից ու միջակություններից:
Նկատել եմ, որ գնալով ավելի քիչ եմ օգտագործում «պատկառելի» բառը: Նկատել եմ, որ մեծերը գնում են, բայց նրանց տեղը չի լրացվում:
Տպավորություն է, որ մեծություն դառնալու հնարավորությունը միայն նախորդ սերունդների առանձնաշնորհն էր: Իմ սերունդը ունի լավ մասնագետներ, ովքեր հաջողել են գիտության, ստորտի, մշակույթի, այլ ոլորտներում, գուցե ավելի մեծ հաջողությունների հասել այդ նեղ ոլորտներում, քան ավագ սերնդի բոլոր ներկայացուցիչները, բայց չեմ ճանաչում մեկին, ում հետևից կտեսնեմ մարդ լինելու ծանրության հետքը հողագնդի վրա, ում մասին խոսելիս կօգտագործեմ «պատկառելի» բառը:
Ավետիք Իշխանյանը մեծություն էր, պատկառելի էր, ճիշտ իրավապաշտպան էր, հայ էր:
Ես չգիտեմ մարդու հիշատակը իրապես հարգելու այլ եղանակ, քան նրա գործը շարունակելն է: Ուրեմն պիտի ամեն ինչ անենք, որ ունենանք ազգային իրավական պետություն, իսկ բոլոր դավաճանները պատժվեն յուրաքանչյուր հայի տառապանքի համար:
Հ.գ. Իրավապաշտպանության ոլորտում Իշխանյանին հասնելու փորձեր իմաստ էլ չունի անել, բայց նրա նախանշած ճանապարհով գնալը միակ ճիշտ ընտրությունն է: Սակայն ճանաչում եմ մեկին, ով այդ ճանապարհով ամենահեռուն կարող է հասնել, ու ամենևին պատահական չէ, որ կրում է նույն ազգանունը»: