ՀՀ ԲՏԱ նախարարն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա են գտնվել նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն ու այլ ներկայացուցիչներ:

ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններն ու առաջնահերթություններն, առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը միտված Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանն ուղղված ջանքերը:

Նախարարը ներկայացրել է նաև գերատեսչության կողմից նախատեսվող ու նաև իրականացված օրենսդրական բարեփոխումներն ու ծրագրերը, անդրադարձել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականցվող տարբեր ծրագրերին՝ մասնավորապես, «Ինժեներական քաղաք» նախաձեռնությանն, ինչն, իր խոսքով, համագործակցության լավագույն օրինակներից մեկն է: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն:

Ռոլանդ Փրայսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել է Համաշխարհային բանկի առանցքային ծրագրերը, մասնավորապես՝ տարածաշրջանում իրականացվող նախագծերը: Նա անդրադարձել է նաև նախանշվող ծրագրերում Հայաստանի ներգրավվելու հնարավորություններին:

Քննարկման առանցքում են եղել նաև օրակարգային մի շարք հարցեր՝ դրանց թվում կիբերանվտանգության, թվային նույնականացման, ամպային քաղաքականության և լայնաշերտ ինտերնետային կապի զարգացման ուղղությունները:

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա քայլերի և համատեղ ծրագրերի շուրջ՝ նպատակ ունենալով խորացնել ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի և Համաշխարհային բանկի համագործակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս