Որքան է կազմում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վնասը

Արդեն մեկ շաբաթ է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի խումբ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել, ինչի հետևանքով կոմբինատի բնականոն գործունեությունը խաթարվել է։ Բնականաբար, այս գործընթացներն ազդում են տնտեսական ցուցանիշների վրա։

Անցած օրերին Ընկերության աշխատողները երեք անգամ փորձել են վերականգնել աշխատանքները, սակայն, ըստ կոմբինատի՝ փոքրաթիվ (մոտ 70) անձանց խմբի հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության և տեղաշարժի սահմանափակումների ներքո չեն կարողացել վերագործարկել արտադրությունը։ Ընկերությունը վերոգրյալ փաստերի առթիվ ՀՀ իրավապահ մարմիններին արդեն իսկ ներկայացրել է հանցագործության մասին թվով երեք հաղորդում։

Այս օրերին մամուլում պարբերաբար տարբեր վերլուծություններ են արվում, թե որքա՞ն է կազմում ընկերության վնասը այս գործընթացների հետևանքով։

168.am-ը ԶՊՄԿ-ից հետաքրքրվեց՝ արդյոք հաշվարկե՞լ են կրած վնասի չափը, ինչին ի պատասխան ասացին.

«Մոտ մեկ շաբաթ մի խումբ օրինազանց աշխատակիցների և ԶՊՄԿ հետ չառնչվող քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունների հետևանքով ընկերության բնականոն գործունեության ապօրինի խաթարման արդյունքում ընկերությունը օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է հասցվել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոնի դրամի վնաս։

Տուժել են ընկերության հազարավոր աշխատակիցներ։ Ակնկալում ենք, որ օրինախախտները կկրեն տեղի ունեցածի համար օրենքով նախատեսված պատասխանատվություն»։

Տեսանյութեր

Լրահոս