Բաժիններ՝

Toyota-ն Չինաստանում Lexus էլեկտրական ավտոմեքենաների գործարան կկառուցի

Ճապոնական Toyota ընկերությունը հայտարարել է, որ Շանհայում էլեկտրական ավտոմեքենաների գործարան կկառուցի իր շքեղ ապրանքանիշ Lexus-ի համար՝ միաժամանակ բարձրացրել է իր տարեկան զուտ շահույթի կանխատեսումը մինչև 30 միլիարդ ԱՄՆ դոլար, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

Չինաստանն անցած տարի առաջ է անցել Ճապոնիայից՝ դառնալով աշխարհում ավտոմեքենաների խոշորագույն արտահանողը, ինչը նպաստեց էլեկտրական ավտոմեքենաների ոլորտում նրա գերիշխանությանը:

Շատ արտասահմանյան ավտոմոբիլային ընկերություններ Չինաստանում դժվարին կացության մեջ են հայտնվել, սակայն Toyota-ն՝ իր արտադրանքի վաճառքով աշխարհում առաջատար ավտոարտադրողը, հայտարարել է, որ ցանկանում է «բավարարել չինացի հաճախորդների յուրահատուկ պահանջմունքներն» իր նոր գործարանի օգնությամբ:

«Որոշել ենք Չինաստանի Շանհայում ամբողջությամբ մեզ պատկանող ընկերություն հիմնել՝ Lexus մարտկոցով էլեկտրական ավտոմեքենաների և մարտկոցների մշակման և արտադրության համար»,-ասված է ընկերության հայտարարության մեջ:

Toyota-ն մտադիր է այնտեղ արտադրությունը սկսել 2027 թվականից հետո և հայտարարել է, որ նոր գործարանը 1000 նոր աշխատատեղ կստեղծի և կունենա տարեկան մոտ 100 հազար ավտոմեքենա արտադրական հզորություն:

Ընկերության տվյալներով՝ «Չինաստանում տեղական ներկայացուցիչներն առաջատար դեր կխաղան մարտկոցներով էլեկտրական ավտոմեքենաների պլանավորման և զարգացման գործում»՝ տեղի հաճախորդներին գոհացնելու համար։

Դա կլինի Չինաստանի երկրորդ ամբողջովին օտարերկրյա սեփականություն հանդիսացող էլեկտրական մեքենաների գործարանը՝ Շանհայում Tesla-ի գործարանից հետո: Երկրում ավտոմեքենաներ արտադրող այլ արտասահմանյան ընկերություններ աշխատում են չինական ընկերությունների հետ համատեղ ձեռնարկություններում։

Toyota ընկերությունում ակնկալում են, որ այս ֆինանսական տարում զուտ շահույթը կկազմի 4,52 տրիլիոն իեն (29,5 միլիարդԱՄՆ դոլար)՝ նախորդ 3,57 տրիլիոն իեն կանխատեսման դիմաց:

«Հեռանկարի վերանայումն արտացոլում է առաջընթացը եկամուտների ամրապնդման հարցում, որն աջակցվում է արտադրանքի մրցունակության բարձրացմանն ուղղված ջանքերով», -հայտարարել է ճապոնական ընկերությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս