![](/banners/BeFunky-design.jpg)
4 անձ է կալանավորվել, նրանցից 2-ը Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ են
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/qaxaqapetaran.jpg)
Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան, որ երեկ ձերբակալված 7 անձանցից 4-ը կալանավորվեն:
Կալանավորված 4 հոգուց երկուսը Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ են՝ հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանը, նույն վարչության տարածքային բաժնի պետ Միքայել Ղիմոյանը: Կալանավորվել են նաև նույն վարչության պետի նախկին տեղակալ Արամ Այվազյանն ու քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Ռոբերտ Դարբինյանը: Վերջինս ղեկավարել է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը:
«Ազատության» տեղեկություններով՝ նրանք մեղադրվում են կաշառք ստանալու, տալու և օժանդակելու մեջ:
Քաղաքապետարանում ու վարչական շրջաններում վերջին շրջանում էլի ձերբակալություններ են եղել: Մոտ 3 ամիս առաջ իրավապահները Կենտրոնի թաղապետարանում էին, չորս հոգու էին կալանավորել՝ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և քաղաքացու կողմից կաշառք տալու մեղադրանքով:
Դրանից առաջ էլ քննիչները Արաբկիրի թաղապետարանից բերման էին ենթարկել վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, ըստ նախաքննական մարմնի՝ նա մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով, մեղադրանքը չի ընդունում: Այս գործով ևս 12 մեղադրյալ կա, բայց նրանք բոլորն արդեն ազատության մեջ են, իսկ Արաբկիրի թաղապետն արդեն 8 ամիս է, ինչ բանտում է: Այս գործն արդեն դատարանում է: