Թրամփը կցանկանար Իրանը տեսնել մեծ ու բարգավաճ երկիր, բայց «առանց միջուկային զենքի»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Իրանը տեսնել որպես «մեծ ու բարգավաճ երկիր», բայց… առանց միջուկային զենքի։
Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Ես ցանկանում եմ, որ Իրանը լինի մեծ ու հաջողակ երկիր, բայց որը չի կարող ունենալ միջուկային զենք։ Հաղորդումները, որը ԱՄՆ-ն, Իսրայելի հետ աշխատելով, պատրաստվում է Իրանին ջարդուփշուր անել, խիստ չափազանցված են»,- գրել է Թրամփը՝ նշելով, որ կնախընտրեր հաստատված միջուկային խաղաղության համաձայնագիր, որն Իրանին թույլ կտար խաղաղ զարգանալ ու բարգավաճել։
«Մենք պետք է անհապաղ սկսենք աշխատել դրա ուղղությամբ և մեծ Մերձավոր Արևելքի տոնակատարություն կազմակերպենք, երբ այն ստորագրվի և ավարտվի: Աստված օրհնի Մերձավոր Արևելքը»,- գրել է Թրամփը։
Նախօրեին նա հուշագիր էր ստորագրել Իրանի վրա «առավելագույն ճնշումը» վերսկսելու մասին`ասելով, որ ուրախ չէ այդ կապակցությամբ և հույս ունի` այն «շատ հաճախ» օգտագործելու կարիք չի ունենա։
Փաստաթուղթը հանձնարարում է ԱՄՆ ֆինանսների նախարարին «առավելագույն տնտեսական ճնշում» գործադրել Իրանի վրա, ներառյալ՝ պատժամիջոցներն ու կիրառման մեխանիզմները նրանց նկատմամբ, որոնք խախտում են գործող սահմանափակումները։