Արգենտինան դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից
Արգենտինան, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։
Այս մասին լրագրողներին հայտնել է Արգենտինայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադորնին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամաններ է ստորագրել երկրի՝ ԱՀԿ-ից դուրս գալու մասին։ Նոր վարչակազմը կարծում է, որ ԱՀԿ-ն բավականաչափ արդյունավետ չէ գործում, քաղաքական ազդեցության տակ է և չափազանց մեծ ֆինանսավորում է պահանջում Միացյալ Նահանգներից։ Արգենտինայի նախագահը, իր իսկ խոստովանությամբ, Թրամփի մեծ երկրպագուն է։
Նրա խոսքով՝ կազմակերպության գործունեությունը խորը տարաձայնություններ է առաջացնում առողջապահական համակարգի կառավարման հարցում, հատկապես՝ համաճարակի պայմաններում։
«Մենք՝ արգենտինացիներս, թույլ չենք տա միջազգային կազմակերպությանը միջամտել մեր ինքնիշխանությանը, առավել ևս՝ մեր առողջությանը», – ասել է Ադորնին։
Նա հավելել է, որ Արգենտինան ԱՀԿ-ից ֆինանսավորում չի ստանում, ուստի կազմակերպությունից դուրս գալը չի հանգեցնի երկրի միջոցների կորստի և չի ազդի ծառայությունների որակի վրա։