Ո՞վ և ո՞ր կուսակցության թեկնածուն կլինի Թուրքիայի հաջորդ նախագահը. հարցում

Վերջին օրերին թուրքական մամուլում նկատելիորեն աճել են հնարավոր արտահերթ ընտրություններին և ներքաղաքական զարգացումներին վերաբերող տարատեսակ լուրերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դրանց մի մասի համաձայն՝ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետկան կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) արդեն սկսել է աշխատել նախագահի թեկնածուի հստակեցման ուղղությամբ:

Այս ամենի բովում մի շարք թուրքական հետազոտական ընկերություններ պատրաստում և հրապարակում են սոցհարցումներ՝ փորձելով պարզել, թե արտահերթ ընտրությունների դեպքում Թուրքիայի քաղաքացիները ում են ընտրելու որպես նախագահ:

Հարցվածների պատասխաններում գերակշիռ մաս են կազմում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդ և Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ստամբուլի քաղաքապետ ԺՀԿ-ական Էքրեմ Իմամօղլուի, ինչպես նաև վերջինիս կուսակից և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի անունները:

Թուրքական «BETİMAR» հետազոտական և խորհրդատվական ընկերության՝ թեմայի վերաբերյալ անցկացված սոցհարցման արդյունքներով, ամենանախընտրելի թեկնածությունը տատանվում է Էրդողանի և Յավաշի միջև:

Հարցվածների 33 տոկոսը, «Եթե այսօր արտահերթ նախագահական ընտրություններ լինեն, 3 թեկնածուից ո՞րի օգտին կքվեարկեք» հարցին ի պատասխան, տվել են Էրդողանի անունը, 28.7 տոկոսը՝ Յավաշի, իսկ արդեն 27-ը՝ Իմամօղլուի անունը:

Նույնաբնույթ մեկ այլ հարցման ժամանակ առաջատար դիրք է զբաղեցրել Անկարայի քաղաքապետը:

«Եթե այսօր նախագահական ընտրություններ լինեն, ու՞մ կցանկանաք տեսնել որպես նախագահ» հարցին մասնակիցների 25.5 տոկոսը պատասխանել է հօգուտ Յավաշի, 24 տոկոսը՝ Էրդողանի և 20.9 տոկոսը՝ Իմամօղլուի օգտին:

Հատկնաշական է սոցհարցման ընթացքում տոկոսային հարաբերակցությամբ շատ ավելի ցածր հավանության արժանացած թեկնածուների դիտարկման ընդհանուր արդյունքները, որը պարզ է դարձնում ԺՀԿ-ԱԶԿ նախագահական մրցապայքարի ընդհանուր պատկերը:

Ըստ այդմ՝ հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում եթնադրվում է, որ «ԺՀԿ»-ն միայն 0.4 տոկոսի առավելություն կունենա իշխող կուսակցության նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս