Փաշինյանն ու Ալիևը գոհ են. ՔԿ նորանշանակ նախագահը «գերազանց» հանձնեց քննությունը
Օրեր առաջ համացանցի հայկական տիրույթը բառացիորեն պայթեց Երևանի սրտում` Հանրապետության հրապարակում, իրանցի ադրբեջանցիների շախով-շուխով, ադրբեջաներենով հնչող Ղարաբաղ երգից։
Որևէ մեկի ամենամղձավանջային երազում անգամ հնարավոր չէր լինի նման բան տեսնել։ Ով կարող էր պատկերացնել, որ ադրբեջանցին կարող է սողոսկել Հայաստան, մի հատ էլ այնքան համարձակություն ունենա, որ քեզ ձեռք առնի քո իսկ մայրաքաղաքի սրտում։
Նիկոլական Հայաստանում ամեն ինչ է հնարավոր, այդ թվում և դա, և այն, որ դեկտեմբերի վերջին պարեկներով ու ոստիկանության այլ ծառայողներով վխտացող հրապարակում մեկը չի սաստել դրանց։
Բայց որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը` ԱԱԾ -ն, նախ, հաղորդագրություն կտարածի, թե իբր Իրանի քաղաքացիներ են եղել, հետո բառ անգամ չի ասի դրանց գործողության բովանդակության մասին, հետո Քննչական կոմիտեին կհրահանգի քրեական վարույթ նախաձեռնել, նրանք էլ ափալ-թափալ կկատարեն հրամանը, դատախազությունն էլ կդակի, տեսանյութը հրապարակող տղամարդուն` արցախցի Ղարիբ Բաբայանին կձերբակալեն ու կտանեն կալանքի, անգամ սրանց պարագայում էր անհավատալի։
Բայց անհավատալին այլևս ակնհայտ է։
ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց, որ տեսանյութը հրապարակած անձին ձերբակալել ու տանում են կալանքի։ Կալանքի միջնորդություն անողն էլ նույն այն քննիչն է, ով կերավ Արմեն Գրիգորյանի գլուխը։
Հոդվածն էլ նույնն է` թշնամանք, միայն այս անգամ թշնամանքի երանգն է այլ. ըստ նախաքննության մարմնի` թշնամանք առ իշխանություններ։
Դե ինչ, ՔԿ նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանը գերազանց հանձնեց քննությունը։ Ալիևն ու Փաշինյանը հաստատ գոհ կլինեն։
Հաջորդիվ սպասենք, որ քրեական վարույթ կնախաձեռնեն ու կալանքի կտանեն յուրաքանչյուրիս, ով կհամարձակվի թուրքերի ու ադրբեջանցիների հասցեին մի թթու խոսք ասել։
Սրանց հատակն անհատակ է։