
ՀԱՄԱՍ-ը փետրվարի 1-ին կվերադարձնի Իսրայելի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիների՝ 90 պաղեստինցի բանտարկյալի դիմաց

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փետրվարի 1-ին ազատ կարձակի Իսրայելի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մեկական քաղաքացու։ Համապատասխան հայտարարությունը Telegram ալիքում հրապարակել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ «Իզադդին ալ Քասամի բրիգադների» խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Փոխանակման համաձայնագրի շրջանակներում մենք որոշել ենք փետրվարի 1-ին ազատ արձակել Օֆեր Կալդերոնին, Քիթ Սեգալին և Յարդեն Բիբասին», – գրել է նա։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակն իր հերթին հայտնել է, որ իսրայելական կողմը միջնորդներից ստացել է այն պատանդների անունները, որոնց ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի փետրվարի 1-ին։
Պատանդների նոր խմբի ազատ արձակման դիմաց իսրայելական բանտերից ազատ կարձակվի 90 պաղեստինցի բանտարկյալ։ Նրանցից 9 դատապարտված են ցմահ ազատազրկման, 91-ը՝ երկարատև ազատազրկման։
Հունվարի 30-ին Գազայի հատվածում գործող պաղեստինյան խմբավորումները փոխանակման լրացուցիչ փուլի շրջանակներում ազատ են արձակել ութ պատանդի՝ երեք իսրայելցու և Թաիլանդի հինգ քաղաքացու: Այս գործընթացի ժամանակ տեղի է ունեցել մարդկանց մեծ կուտակում, և Իսրայելի վարչապետը հետաձգել է 110 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։