Բաժիններ՝

Սա տրանսգենդերների դեմ արշավ է՝ Թրամփը մեր ֆինանսավորումն էլ է դադարեցրել․ «Հրապարակ»

ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը, ի թիվս այլ հրամանների, ստորագրել է մի գործադիր հրաման, որով դադարեցնում է այլ երկրներին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը` 90 օր ժամկետով։ Նշվում է, որ 90-օրյա ժամկետում ստուգում կիրականացվի՝ պարզելու, թե արդյոք այդ դրամաշնորհներն ու ծրագրերը համապատասխանո՞ւմ են ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական նպատակներին։

«Միացյալ Նահանգներից ոչ մի հետագա արտաքին օգնություն չի տրամադրվի՝ մինչև լիովին չհամապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Հայաստանյան քաղաքացիական հասարակությունն ու որոշ լրատվամիջոցներ նույնպես կանգնել են այս խնդրի առաջ: Հայաստանում գործող որոշ կազմակերպություններ անգամ անմիջապես դադարեցրել են մասնագիտական սեմինարները և մյուս աշխատանքները` պահանջելով ֆինանսական հոսքերի շարունակություն:

Տրանսգենդեր, «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանից hraparak.am-ը հետաքրքրվեց` իր ՀԿ-ն ևս հայտնվե՞լ է դժվար կացության առաջ, թե՞ ոչ: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Իհարկե, մենք ևս կանգնած ենք այդ խնդրի առաջ: ԱՄՆ-ից տեղեկացել ենք, որ դադարեցնում են մեզ հետ ունեցած ծրագրերը: Թեպետ Եվրոպայից էլ ունենք դոնորներ, սակայն որպես իրավապաշտպան կազմակերպություն, կանգնած ենք լուրջ դժվարությունների առաջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը չի աջակցում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը, մենք տարիներ շարունակ ֆինանսական միջոցներ ստացել ենք դրսից, ԱՄՆ-ից, Եվրոպայից: Եթե ֆինանսական դադարը երկար տևի այդ ամենը կազդի մեր աշխատանքի վրա, չենք կարողանա օրինակ` իրավաբանական ծառայություններ մատուցել, հոգեբանական ծառայություններ և այլն, և այլն: Թրամփի ընտրվելը հարված էր մարդու իրավունքներին, տարբեր շարժումներին ու խոցելի խմբերի իրավունքներին: Մի քանի կոլեգաներ ունեմ, որոնք արդեն իսկ ԱՄՆ-ում աշխատանքից ազատվել են: Այն, որ Թրամփի վարչակազմը ու նրա մոտեցումները` երկու սեռի ճանաչումը, վատ է ազդում ԼԳԲՏ համայնքի վրա, պարզից էլ պարզ է: Աշխարհի լիդերների մակարդակով` երկու սեռի կողմնակից են, ինչը ստեղծել է հակագենդերային շարժում: Տրանսգենդերների դեմ արշավ է սա, անվերջ խոսում են երկու սեռի մասին: Բնականաբար Թրամփի ելույթները անմիջապես անդրադառնում են Հայաստանի նման երկրների վրա, ինչի արդյունքում ատելությունն ավելի է մեծանում մեր հանդեպ», – ասում է Մարտիրոսյանը:

Նա նաև նշում է, որ Հայաստանի իշխանությունները ոչնչով չեն աջակցում տրանսգենդեր անձանց. «Իշխանությունները դոփում են տեղում արդեն մի քանի տարի:

Ի դեպ, այժմ հայտարարագրերի մասով մի շարք բարդություններ են առաջացել: Մենք պետք է թրեյնինգներ սկսենք տրանս անձանց հետ, որպեսզի նրանք իմանան, թե ինչպես պետք է հայտարարագրեն իրենց միջոցները: Ահռելի խտրականություն, աշխատանքի բացակայություն և այս ամենի ֆոնին` հայտարարագրեր են ուզում», – եզրափակեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս