Մարզային բժշկական կենտրոնների կառավարման լիազորությունները կփոխանցվեն Առողջապահության նախարարությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է մարզային բժշկական կենտրոնների կառավարման լիազորությունները փոխանցել Առողջապահության նախարարությանը։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի և նախագծերի միասնական կայքում։

Նախագծում նշվում է, որ մարզային բուժհաստատությունները չունեն բավարար կարողություններ արդյունավետ ֆինանսական կառավարման համար։ Նախահաշիվները չեն արտացոլում իրական եկամուտների ու ծախսերի շարժընթացը, ինչը հանգեցնում է բժշկական օգնության մատուցման համար անհրաժեշտ միջոցների պակասի։

Աշխատավարձերը կազմում են բուժհաստատությունների ընդհանուր ծախսերի 73-89 տոկոսը, ինչը կրճատում է դեղորայքի, սարքավորումների և նորարարական լուծումների ներդրման հնարավորությունները։ Ըստ միջազգային չափանիշների՝ աշխատավարձի ծախսերը պետք է կազմեն ընդհանուր ծախսերի 55 տոկոսը։

Բուժհաստատությունները հաճախ սահմանում են ցածր գներ վճարովի ծառայությունների համար՝ առանց հաշվի առնելու իրական ծախսերը, ինչը հանգեցնում է ֆինանսական վնասների։Օրինակ՝ COVID-19-ի ժամանակահատվածում, երբ բժշկական ծառայությունների պահանջարկը նվազել էր, հաստատությունները պահպանել են նույն ծախսատար կառույցները՝ չկիրառելով ճկունություն ծառայությունների կառավարման հարցում։

Բուժհաստատությունները արդյունավետ չեն օգտագործում իրենց ենթակառուցվածքները, իսկ վարձակալությունից ստացվող եկամուտները համարժեք չեն շուկայական գներին։

Բժշկական կենտրոնները չեն օգտագործում վարկավորման, լիզինգի և այլ ֆինանսական գործիքներ, որոնք կարող են օգնել բարելավել նրանց տնտեսական կայունությունը։Շատ բուժհաստատություններ չունեն պահուստային ֆոնդեր, որոնք կարող են կիրառվել արտակարգ իրավիճակների դեպքում կամ նոր սարքավորումների ձեռքբերման համար։

Կառավարության առաջարկած մարզային բուժհաստատությունների կառավարման մոդելի փոփոխությամբ այս խնդիրները նախատեսվում է լուծել՝ կառավարման լիազորությունները մարզպետարաններից փոխանցելով Առողջապահության նախարարությանը։ Այս փոփոխությունը թույլ կտա ավելի արդյունավետ պլանավորել ծախսերը, ապահովել ֆինանսական հոսքերի վերահսկողությունը, ներդնել ժամանակակից կառավարման մոդելներ և բարձրացնել բուժսպասարկման որակը։

Ակնկալվող արդյունքները․ մարզային բուժհաստատությունների ֆինանսական կայունության ապահովում, ծախսերի օպտիմալացում և արդյունավետ բաշխում, բարելավված մեխանիզմներ վճարովի ծառայությունների համար, առողջապահական կառավարման արդիականացում՝ համաձայն միջազգային փորձի, արդյունավետ ռիսկերի կառավարում և պահպանողական ֆինանսական պլանավորում։

Տեսանյութեր

Լրահոս