
ԱՀԿ-ն կկրճատի ծախսերը կազմակերպությունից դուրս գալու՝ Թրամփի որոշման պատճառով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կկրճատի իր ծախսերը, կդադարեցնի աշխատակիցներ ընդունելը և նիստերն առցանց ձևաչափով կանցկացնի իր ամենամեծ դոնոր ԱՄՆ-ի՝ կազմակերպությունից դուրս գալու պատճառով:
Այս մասին հաղորդում է POLITICO հրատարակությունը՝ վկայակոչելով իր տրամադրության հայտնված ներքին էլեկտրոնային նամակը:Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց ԱՀԿ-ից դուրս գալու մասին՝ պատճառաբանելով, որ երկիրը չափազանց շատ գումար է վճարում կազմակերպությանը՝ մյուսների համեմատությամբ։
«Ինչպես գիտեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ մտադիր է դուրս գալ ԱՀԿ-ից: Մենք ափսոսում ենք այս որոշման համար և հույս ունենք, որ նոր վարչակազմը կվերանայի այն: Այս հայտարարությունը սրել է մեր ֆինանսական վիճակը…. ԱՀԿ-ն կասեցնում է աշխատակիցների հավաքագրումը բոլոր ոլորտներում, բացառությամբ ամենակարևորների…. զգալիորեն կրճատում է ուղևորությունների ծախսերը», – POLITICO-ն մեջբերում է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքը ԱՀԿ-ի աշխատակիցներին ուղղված էլեկտրոնային նամակում։Բացի այդ, ԱՀԿ-ի բոլոր նիստերն այժմ կանցկացվեն առցանց ձևաչափով, բացառությամբ հատուկ դեպքերի, իսկ այլ երկրներին տեխնիկական աջակցություն տրամադրելու առաքելությունները պետք է «սահմանափակվեն ամենակարևորներով»: Խնայողության այլ միջոցների թվում են IT-սարքավորումների փոխարինման սահմանափակումը, հիմնական պայմանագրերի վերանայումը, գրասենյակների վերանորոգման և կազմակերպության կապիտալ ներդրումների կասեցումը: