Միլիարդատերերը չափազանց շատ ածխաթթու գազ են «արտանետում»՝ վտանգելով Երկրագնդի կլիման և մարդկանց կյանքեր
Միլիարդատերերը չափազանց շատ ածխաթթու գազ են «արտանետում»՝ վտանգելով Երկրագնդի կլիման և միլիոնավոր մարդկանց կյանքեր։ Այս մասին տեղեկությունը սոցիալական ցանցերի իր էջերի միջոցով տարածել է ՀՀ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
«Երկրի վրա յուրաքանչյուր մարդ ունի իր ածխածնային հետքը, սակայն արտանետումների ծավալները զգալիորեն աճում են մարդու եկամտի աճին զուգահեռ: Այսպես, աշխարհի 50 ամենահարուստ մարդիկ 3 ժամում մթնոլորտ են արտանետում այնքան ածխաթթու գազ՝ CO2, որքան միջին եվրոպացին արտանետում է իր ողջ կյանքի ընթացքում:
«Oxfam» միջազգային միավորումը հաշվարկել է միլիարդատերերի պատճառած CO2-ի արտանետումները նրանց մասնավոր ինքնաթիռներից և զբոսանավերից, ինչպես նաև նավթի և այլ աղտոտող արդյունաբերության ոլորտներում ներդրումների հետևանքով: Օրինակ՝ միլիարդատերերը տարեկան միջինը 184 մասնավոր թռիչքներ են կատարում՝ օդում անցկացնելով 425 ժամ։ Նրանց զբոսանավերն արտադրում են նույնքան ածխաթթու գազ, որքան միջին վիճակագրական մարդը արտադրում է 860 տարվա ընթացքում:»,- նշված է հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի սոցէջերում կատարված գրառման մեջ:
Ածխաթթու գազի բարձր արտանետումները զգալիորեն սրում են կլիմայի գլոբալ տաքացման, սովի, աղքատության և մահացության հիմնախնդիրները։ Քանի որ գլոբալ ջերմաստիճանը շարունակում է աճել, հեղինակները կոչ են անում կառավարություններին հարկել միլիարդատերերից և փոխհատուցել կլիմայի փոփոխությունից առավել տուժածներին: