Շախ և մատ. ՄԻԵԴ-ն արձանագրել է դատավոր Սուրեն Անտոնյանի իրավունքների խախտումը
2023թ. հունվարի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով:
Հիշեցնենք, որ Սուրեն Անտոնյանը դատավորի պատմուճանից զրկվեց արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ «Դատական օրենսգրքում» ՄԻԵԴ վճիռների առիթով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավակարգավորմանը հետադարձ ուժ տալու վերաբերյալ կատարված փոփոխության արդյունքում, որը թույլ էր տալիս դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ նախատեսող նորմին հետադարձ ուժ տալ և կիրառել:
Արդեն ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն էլ ամեն ինչ արեց՝ այն կյանքի կոչելու համար: Սուրեն Անտոնյանը, իհարկե, դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ ճանաչելու իր իրավունքների խախտումները, իսկ այդպիսիք կային ի սկզբանե:
Դրանցից մեկը կարգապահական վարույթի ընթացքում Կարեն Անդրեասյանի կողմից իրեն հայտնած բացարկի միջնորդությունը մերժելն էր: Սուրեն Անտոնյանը պնդում էր, որ Կարեն Անդրեասյանը չի կարող անաչառ քննել այդ վարույթը, քանի որ այն հարուցված է իր ընկերոջ՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից, ում հետ Անդրեասյանը կապված է, այդ թվում՝ նաև տնտեսական-ֆինանսական շահերով:
Եվ ահա ՄԻԵԴ կայքում արդեն իսկ հրապարակված է Սուրեն Անտոնյանի գործով որոշումը:
«Դեռ ուսումնասիրում ենք ՄԻԵԴ որոշումը, շատ բան չեմ կարող ասել: Միայն ասեմ, որ ՄԻԵԴ-ն արձանագրել է իմ իրավունքների խախտումը, ինչն արդեն իսկ վարույթը վերաբացելու հիմք է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Անտոնյանը:
Մենք էլ, իհարկե, մեր հերթին կուսումնասիրենք այն, սակայն հպանցիկ հայացքն այդ որոշմանն արդեն պարզ դարձրեց նաև ՄԻԵԴ-ի մեկ այլ արձանագրում՝ Կարեն Անդրեասյան-Գրիգոր Մինասյան տանդեմի համատեղ տնտեսական շահեր ունենալու կասկածը փարատված չէ:
Այս որոշումը խոսում է այն մասին, որ համանման որոշումներ մենք կունենանք նաև այլ դատավորների, այդ թվում՝ Դավիթ Հարությունյանի վերաբերյալ:
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյան-Կարեն Անդրեասյան-Գրիգոր Մինասյան եռյակի հիվանդագին ամբիցիաները բավարարելու համար տուժում է պետությունը՝ թե՛ ֆինանսապես, թե՛ հեղինակության կորստի առումով: