
Բավարիայում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. զոհերի մեջ կա 2 տարեկան երեխա

Բավարիայում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա: Միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայի Աշաֆենբուրգ քաղաքում՝ կենտրոնական Շյոնթալ զբոսայգում։ Նախնական տեղեկություններով՝ մի քանի մարդ, այդ թվում՝ մանկապարտեզի մի խումբ երեխաներ, վնասվածքներ են ստացել։ Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել։
Ըստ Bild-ի՝ զոհվել է 41-ամյա տղամարդ և 2-ամյա տղա։
Քննության տվյալներով՝ մի տղամարդ է բերման ենթարկվել։ Ենթադրյալ հանցագործը 28-ամյա աֆղանստանցի է, որը, ըստ Bild-ի, նախկինում հոգեկան հիվանդության նշաններ է ցույց տվել։ Ըստ Spiegel-ի՝ ձերբակալվածի անունը Էնամուլլա Օ. է, նա ապրում է ապաստան հայցողների կենտրոնում։ Տղամարդուն հանձնարարված էր լքել երկիրը։
Տղամարդը Գերմանիա է ժամանել 2022 թվականի նոյեմբերին, սակայն ապաստան չի ստացել։ Անցյալ տարվա վերջին նա հայտարարել էր կամավոր հեռանալու մասին, սակայն մնացել է երկրում։